Զգուշացե՛ք. ինտերնետը միացված է
11:01 / 09.02.2010

«Երբ դուք ինտերնետին միացված եք, ինչպես եթերում, պետք է իմանաք, որ ձեր հակառակորդը կամ թշնամին կարող է ձեզ լսել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Web» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը:

Ըստ նրա` շատ քիչ մարդիկ գիտեն դրա մասին, և, եթե, զինվորական ռադիոընդունիչների վրա գրված է «հակառակորդը լսում է», ինտերնետի դեպքում այդպես չէ. մարդկանց հատուկ չեն զգուշացնում, որ ինտերնետը բաց է` իրենց կարող են «լսել» և նույնիսկ «տեսնել»:

Ըստ նրա` մեծամասնությունը այս մասին տեղյակ չէ, քանի որ համապատասխան կրթություն չկա, և ժամանակի ընթացքում պետք է այս հարցին ուշադրություն դարձնեն ոչ միայն բուհերում և դպրոցներում՝ ինֆորմատիկայի դասընթացների ժամանակ, այլեւ ընդհանուր դասընթացներ լինեն` ինտերնետի օգտագործման և անվտանգության վերաբերյալ:

Շատ դեպքերում գուցե միեւնույնն է՝ լսում են, թե ոչ, սակայն որոշ դեպքերում դա շատ կարևոր է, և մարդիկ իրավունք ունեն այդ մասին իմանալ:

«Կան ձևեր, որ կարելի է այդ ինֆորմացիան պաշտպանել, օրինակ` գաղտնաբառերը ճիշտ օգտագործել, կոդավորել ուղարկված ինֆորմացիան։ Չնայած դրա դեմ պայքարելու ձևեր ևս կան, բայց միևնույնն է, տեղեկացված լինելու դեպքում շատ ավելի հեշտ է չվտանգել կարևոր ինֆորմացիան»,- ասում է Ա. Տոնեյանը: