Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 4,5 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային
11:13 / 09.02.2010

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2009թ. ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 27 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 2 մլն դոլար:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 21.7 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 183.6 մլն դոլար, ԵՄ երկրների հետ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 37,3 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 211 մլն դոլար:

2009 թվականի արդյունքներով Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության շուրջ 29.6 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին (որից 22.5 տոկոսը` Ռուսաստանին), 30,3 տոկոսը` Եվրամիության անդամ երկրներին, 7,6 տոկոսը` Չինաստանին, 6.5 տոկոսը` Միացյալ Նահանգներին, 4,5 տոկոսը` Թուրքիային:

«Բիզնես-24»-ի տվյալներով, արտահանման ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերները Գերմանիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն են: Գերմանիա է արտահանվել 114 մլն 933 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ՝ կամ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 16,5 տոկոսը: Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15,4 տոկոսը, ԱՄՆ-ին` 9,6 տոկոսը, Բուլղարիային` 8.6 տոկոսը, Վրաստանին` 7.6 տոկոսը, Նիդերլանդներին` 7,5 տոկոսը, իսկ Բելգիային` 6.7 տոկոսը: