Թուրք ընդդիմադիրը իշխանություննրին մեղադրել է Հայաստանի հետ գործընթացի վատ հետեւանքների համար
18:21 / 09.02.2010

Թուրքական խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը ելույթ է ունեցել իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը անդրադարձել է նաեւ թուրքական իշխանությունների կողմից նախաձեռնած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ Բայկալը նշել է հետեւյալը. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մեջ մեկ այլ խնդիր էլ կա։ Իրադարձության մանրամասների մեջ չենք մտնում։ Հայաստանը մեր հարեւանն է։ Անկախ Հայաստանի ստեղծվելուն պես՝ մենք առաջիններից ճանաչեցինք անկախությունը։ Նայեք պատմությանը։ Հայաստանը ադրբեջանական հողերն է „բռնազավթել“։ Թուրքիան այդ իրադարձությանը դեմ լինելով՝ փակել է սահմանը։ Դրանից Հայաստանը մեծ նեղություններ քաշեց եւ 60 հազար հայաստանցիներ եկան Թուրքիա՝ հացի խնդիր լուծելու համար, իսկ Թուրքիան աչք փակեց այդ ամենի վրա, որովհետեւ Թուրքիան ունի բարի կամք։ Թուրքիան չի փակել սահմաններ այն պատճառով, որ թշնամաբար է տրամադրված Հայաստանի դեմ՝ այլ չի ընդունել Ադրբեջանի դեմ իրականացվածը։

Մենք չենք տեսնում, որ Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները։ Մենք թուրքական իշխանություններին ասացինք, որ քայլ մի արեք։ Հիմա ինչի՞ դեմ ենք կանգնած», -նկատում է Դենիզ Բայկալը, ով ուշադրության է հրավիրել նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վրա, որտեղ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կարող կասեցվել։

Բայկալը նշել է, որ մոտենում է ապրիլի 24-ը եւ օրակարգը կրկին թեժանալու է եւ ընդամենը դա էր իշխանությունների հայտարարած «զրո խնդիր» քաղաքականության արդյունքը։ «Շատ պարզ մի անհաջողություն։ Ոչ մի բան չկարողացան ձեռք բերել իշխանությունները։ Սակայն շատ բան կորցրեցին։ Կորցրեցին ադրբեջանցիների բարեկամությունը։ Ինչպես նաեւ տեսանք բնական գազի գնի բարձրացումը։ Այս ամենի եւ բնական գազի բարձր արժեքը, իհարկե, ժողովուրդն է վճարելու»,-նշել է Դենիզ Բայկալը։