Քաղաքագետ. Սերժ Սարգսյանի ուղերձն իր մեջ խորհրդանշական տարրեր ունի
18:39 / 09.02.2010

«Ուղերձը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հղել է Թուրքիայի նախագահին, իր մեջ բարոյականության ու նաեւ խորհրդանշական լուրջ տարրեր ունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական շարժում» կազմակեպության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը։

Նրա խոսքով, ՀՀ նախագահի ուղերձի մեջ սթափեցնող եւ ապագային միտված բաղադրիչներ կան, եւ նա, ուղերձը իր թուրք գործընկերոջը հղելով հենց Թուրքիայի երկնքից, հասկացնել է տվել, թե «աշխարհը չի ավարտվում նրանով, որ հայ-թուրքական սահմանները փակ են»։ «Սա քաղաքականության մեջ հոգեւորի եւ բարոյականի համատեղում է, եւ այն, որ Սերժ Սարգսյանը Գյուլին դիմել է հատկապես Լոնդոն թռչելիս, իր այս քայլով նա մեկ անգամ եւս հասկացնել է տվել Թուրքիային, թե կարող է լավ հարաբերություններ ունենալ անգամ Թուրքիայի ամենակարեւոր գործընկերներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի հետ»,- ամփոփեց Վիկտոր Ենգիբարյանը։

Հիշեցնենք, որ այսօր Լոնդոն ուղեւորվելիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձով դիմել էր իր թուրք գործընկերոջը։