Վրացիները խաչակրաց արշավանք են սարքել ադրբեջանական գյուղերում
11:52 / 07.08.2009

Վրաստանի Քվեմո-Քարթլի տարածաշրջանի Բոլնիսի շրջանի գյուղերի տարածքում, որոնց բնակչությունը բաղկացած է առավելապես ադրբեջանցիներից, Վրաստանի Պատրիարքարանի տեղական վարչությունը տեղադրում է 7-10 մ բարձրությամբ խաչեր,- հաղորդում է Trend Life։

Վրաստանի ադրբեջանցիներով բնակեցված գյուղերում վեր խոյացող խաչերի թիվը վերջին ժամանակներս աճում է, եւ պատրիարքարանի տեղական վարչության այդ որոշումը հարուցել է տեղի ադրբեջանցիների լուրջ ընդվզումը, որոնք այդ կապակցությամբ արդեն սկսել են բողոքել համապատասխան մարմիններին։

Ըստ Վրաստանի ադրբեջանցիների «Ղեյրաթ» ժողովրդական շարժման ղեկավար Ալիբալի Ասքերովի, խաչեր են դրված վրացական յուրաքանչյուր գյուղում, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ, դրանք վեր են խոյանում արդեն նաեւ մահմեդական գերեզմանոցների մոտակայքում։ «Փայլուն մեծ խաչերը տեղադրված են գյուղերից յուրաքանչուրի մոտակայքում եղած բարձունքների վրա։ Դրանց մոտով անցնող մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե այդ տները պատկանում են քրիստոնյաներին։ Եթե հետագայում էլ խաչերի թիվը աճի, դա կարող է հանգեցնել շատ վատ արդյունքի։ Չի բացառվում նույնիսկ եւ կրոնական հակամարտությունը»։

Իր հերթին, Վրաստանի պատրիարքարանին կից միջկրոնական հարաբերությունների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելավան՝ հանգստացնելով ադրբեջանցիներին, որոնք արդեն սպառնացել են կրոնական հակամարտությամբ, պարզաբանել է. «Վրաստանում ընդունված է խաչեր տեղադրել ամենուր, եւ տեղի եպիսկոպոսությունը՝ տեղադրելով դրանք Բոլնիսի գյուղերում, մտադիր չի եղել վիրավորելու տեղի ադրբեջանական բնակչությանը, չէ որ խաչը դա ոչ միայն քրիստոնեության խորհրդանիշ է, այլ նաեւ հավատի ու սիրո»։

Իրավասու մասնագետների կարծիքով, վրաց եկեղեցին վերջին ժամանակներս ակտիվորեն հսկայական խաչեր է տեղադրում երկրի փոքրիկ բնակավայրերում, որպեսզի հետ պահի բնակչությանը համատարած հարբեցողությունից ու թմրամոլությունից։

Ինչպես NEWS.am-ին հայտնել է մի աստվածաբան, որը ցանկացել է անհայտ մնալ, Վրաստանի բնակչությունը շատ աստվածավախ է եւ խաչի տեսքը, ըստ պատրիարքարանի գաղափարի, պետք է հետ պահի նրան հոգու եւ մարմնի համար վնասակար տարբեր հաճույքներին չափից շատ տրվելուց։ Ըստ գործակալության զրուցակցի, դա փաստորեն վերջին՝ ծայրահեղ միջոցն է, որը կարող է հետ պահել վրացական հասարակությանը աստիճանական անկումից, քանզի պետությունն այդ ուղղությամբ իր առաքելությունը կարծես թե տապալել է։

Միաժամանակ, մասնագետը չի բացառել, որ խաչերի մասսայական տեղադրումը եւ իսկապես էլ կհանգեցնի կրոնական հողի վրա հակամարտության, մասնավորապես, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի մահմեդական համայնքի մասնակցությամբ։