Վահան Հովհաննիսյան. «Այս արձանագրություններն իրենց ներկայացված տեսքով ընդունելի չեն եւ պետք է վերանայվեն»
20:30 / 02.09.2009

Քիչ առաջ ավարտվեց Դաշնակցության կողմից հրավիրված հանրահավաքը, որը տեղի էր ունենում Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի փոքրիկ հրապարակում, որը կիսադատարկ էր: Հանրահավաքում ելույթ ունեցան ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը:

Իր ելույթում Վահան Հովհաննիսյանը մասնավորապես ասաց, որ իրենք դեմ չեն հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն ոչ այն գնով, որը վճարում է իշխանությունը, ընդունելով Թուրքիայի նախապայմանները: «Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը մենք ասում ենք այո, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը ասում ենք այո, ճանապարհի բացմանը նույնպես ասում ենք այո, բայց այս արձանագրություններն իրենց ներկայացված տեսքով ընդունելի չեն եւ պետք է վերանայվեն»,- համոզմունք հայտնեց նա ու հավելեց. «ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո ԱԳ նախարարն ու անվտանգության խորհրդի քարտուղարը զարմանք հայտնեցին, թե չեն հասկանում ՀՅԴ-ին, որը տեղյակ է եղել այս փաստաթղթի մշակմանը: Բայց մենք դա երբեք էլ չենք թաքցրել: Այո, ծանոթ եղել ենք, բայց ո՞վ ասաց, որ համաձայն ենք եղել: Մենք դեռ ամիսներ առաջ հայտնել ենք մեր մտահոգությունները, մատնանշելով այն կետերը որոնք փոփոխման ենթակա ենք համարել: Արել ենք այն ժամանակ եւ կանենք նաեւ հիմա` առաջիկա շաբաթներին»:

Վ. Հովհաննիսյանն ընդգծեց նաեւ, որ ով էլ ներկայացներ այս արձանագրությունները, իրենք դեմ էին լինելու: «Իսկական պետական գործիչը պետք է լսի նաեւ քաղաքական ընդդիմախոսներին, իսկ իմաստությունը, ոչ թե համառության այլ շրջահայացության եւ հեռատեսության մեջ է»,- իր խոսքն ամփոփեց նա: