Հայկ Դեմոյանը կհրաժարվի մասնակցել հայ-թուրքական գիտական ենթահանձնաժողովի աշխատանքներին
16:50 / 25.09.2009

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի գիտական ենթահանձնաժողովի աշխատանքներին, որը, համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջեւ նախաստորագրված արձանագրությունների, պետք է ստեղծվի միջկառավարական հանձնաժողովի կազմում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դեմոյանը:

Ընդ որում, նա նշեց, որ ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր դեռ չի ստացել: «Բայց նույնիսկ նման առաջարկի դեպքում, ես, ամենայն հավանականությամբ, կպատասխանեմ մերժմամբ, քանի որ ոչինչ չունեմ քննարկելու այն անձանց հետ, որոնց ակադեմիական դատողությունները սահմանափակված են կոշտ շրջականերով, որոնք գործում են ճնշման տակ եւ մշտական վախի մթնոլորտում: Ես ավելի քան համոզված եմ, որ Ցեղասպանության հարցը չի քննարկվելու ենթահանձնաժողովի գործունեության շրջանակներում, նաեւ վստահ եմ, որ թուրքական կողմը կփորձի այդ հարցը խցկել նրա օրակարգում: Եւ այդ ժամանակ ենթահանձնաժողովի աշխատանքը փակուղի կմտնի: Չեմ կարծում, թե հայ գիտնականները կսկսեն քննարկել այդ հարցը ցանկացած ձեւաչափով»,- նկատեց Դեմոյանը:

Նա նաեւ հավելեց, որ դեռ ոչ ենթահանձնաժողովի ձեւաչափը, ոչ օրակարգը, ոչ էլ գործունեությանն առնչվող որեւէ խնդիր Հայաստանում չի քննարկվել: Իհարկե, Դեմոյանը չբացառեց, որ այդ հարցերը կարող էին քննարկվել ավելի բարձր մակարդակով, բայց ինքը տեղյակ չէ դրանից: Նա նկատեց, որ ենթահանձնաժողովի գործունեության կապակցությամբ թուրքական կողմի ակտիվության ֆոնին հայկական կողմի լռությունն իրեն չի անհանգստացնում: «Ենթահանձնաժողովի ստեղծման հարցը, նրա գործունեությունը, դեռ այնքան մշուշոտ է, որ անհանգստանալ, թե թուրքական կողմն իր ակտիվությամբ հայկական կողմին կարող է անակնկալի բերել, չարժե: Պետք չէ ֆոբիաներ ստեղծել, ապա վախենալ դրանցից»,- խորհուրդ տվեց գիտնականը: