Ֆինանսների նախարար. Սահմանները բացվելու դեպքում գները կիջնեն, իսկ մրցակցությունը կսրվի
13:46 / 09.10.2009

«Բաց սահմանների առկայությունը էականորեն կփոխի տնտեսական մթնոլորտը մեր երկրում: Մենք եւ տրանսպորտի եւ շուկայի առումով բավականին սահմանափակ տնտեսություն ունեցող երկրից կվերածվենք մի երկրի, որը կունենա բնականոն հաղորդակցության ուղիներ, տրանսպորտային սխեմաներ»,- այսօր ի պատասխան հարցի, թե ինչ կփոխվի սահմանների բացման դեպքում, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, այդ պարագայում, երեք ակնհայտ առավելություն կառաջանա:

«Նախ մենք կստանանք նոր շուկաների մատչելիություն: Թուրքիան հանդիսանում է նաեւ ԵՄ մաքսային միության անդամ եւ մենք մեզ համար մատչելի կլինի ԵՄ մաքսային տարածքը եւ մեր արտադրող-արտհանողների համար կբացվեն բավականին լուրջ հնարավորություններ իրենց ապրանքները արտահանել այդ հսկայական շուկա, մուտք գործել ոչ միայն թուրքական, այլ նաեւ միջին արեւելքի եւ եվրոպական շուկաներ»,- ընդգծեց նախարարն ու հավելեց. «Մեզ համար մատչելի կլինեն ոչ միայն Փոթիի մեկ նավահանգիստը, որը բավականին սահմանափակում է մեր հնարավորությունները թե գնային առումով, թե տրանսպորտային, մենք Սեւ ծովում կունենաք Տրապիզոն-Սամսուն, ինչպես նաեւ Միջերկրական ծովի Իսքենդերուն նավահանգիստների մատչելիություն, եւ թե գնային, թե ժամանակի առումով նոր հնարավորություններ կունենանք: Այսինքն կունենանք նաեւ այլընտրանք եւ ընտրել մեզ համար առավել ձեռնտու բեռնափոխադրման միջոցներն ու սխեմաները, որոնք ակնհայտ կբերեն գների իջեցման: Մենք կմտնենք ընդհանուր Ասիական եւ Եվրոպական երկաթուղային ցանցի մեջ»:

Բացի այդ, ըստ նրա, կմեծանա մրցակցությունը, իսկ հայկական ընկերությունները բավականին ճկուն են եւ կկարողանան մրցակցել: «Դա տնտեսական աճի խթան կհանդիսանա, որը կմեծացնի մեր տնտեսության ծավալները, կնպաստի տնտեսական աճին: Տնտեսական աճը բերում է ՀՆԱ աճի, հարկերի աճի, հարկերն էլ բերում են բյուջետային միջոցների աճի, որն էլ բերում է ծախսերի աճի»,- իր խոսքն ամփոփեց նա:

Մեր հարցին, թե ինքը հավատո՞ւմ է, որ մինչեւ տարավերջ սահմանը կբացվի, Տ. Դավթյանը կարճ պատասխանեց. «Ես մեծ հույսեր ունեմ, որ կբացվի»:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե Հայաստանում մենաշնորհների առկայությունը թույլ չի տա, որպեսզի ազատ շուկա առաջանա, նա նկատեց, որ սահմանների բացումը նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի գերիշխող դիրք ունենալը երկրում դժվարանա: «Փակ ու փոքր շուկայի պայմաններում օբյեկտիվ հիմք կա, որպեսզի որեւէ տնտեսվարող գերիշխող դիրք ունենա, իսկ մրցակցությունը սրվելու դեպքում, դա կթուլանա»,- ասաց նա: