Թուրքիայի արտգործնախարար. Հայ-թուրքական հարաբերություններում սկսվել է նոր փուլ
12:46 / 12.10.2009

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե թուրքական կողմի համար այնքան էլ էական նշանակություն չուներ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայտարարություն անելը:

Թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում նախարարը հայտարարել է, թե տեղի ունեցած ճգնաժամը Թուրքիայի կողմից չի ծագել։ Նա նշել է, որ նոր փուլ է սկսվել հայ-թուրքական հարաբերություններում։

Անդրադառնալով արձանագրությունների էությանը՝ Դավութօղլուն ասել է, թե «դրանց իրագործումը կնպաստի ողջ Կովկասի իրավիճակի բարելավմանը, միջազգային ‎համաժողովներում երկու պետություններն ավելի լավ հարաբերություններին: Կնպաստի, որպեսզի հայ եւ թուրք հասարակությունը ազատվի նախապաշարումներից, ապագային միատեղ նայելու հնարավորություն ստանա»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը»: Ստորագրումը ձգձգվեց մոտ 3 ժամ, քանի որ, ըստ հայկական կողմի՝ ստորագրումից հետո հնչելիք թուրքական կողմի հայտարարության մեջ անընդունելի ձեւակերպում կային: