Ռուս փորձագետ. «Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ամբողջությամբ փոխել է աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան Կովկասում»
14:03 / 15.10.2009

«Հիմա Կովկասում շատ բարդ ու նուրբ խաղ է գնում: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ամբողջությամբ փոխել է աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան Կովկասում: Եթե մինչ այդ Արեւմուտքն այնքան էլ ուժեղ չէր կարողանում ազդել տարածաշրջանում տեղի ունեցողի վրա, ապա հիմա նա վերածվել է գլխավոր խաղացողի եւ նրա ազդեցությունն աճելու է»,- նման տեսակետ է հայտնել Ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտման Սանկտ-Պետերբուրգի կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, այդ պայմանավորվածությունները այս պահին ձեռնտու չեն երեք երկրների` Ռուսաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին: «Չգիտեմ, թե ինչ քայլեր կձեռնարկեն Ռուսաստանն ու Վրաստանը, բայց Ադրբեջանը պետք է ավելացնի իր դիվանագիտական ակտիվությունը արեւմտյան ուղղությամբ: Հնարավոր է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները ավելի սառը դառնան»,-ասել է նա:

Այնուհետեւ անդրադառնալով Ռուսաստանին, փորձագետը նշել է, որ այս քայլը լուրջ հարված է Մոսկվայի ազդեցությանը Կովկասում: «Փաստացի, հաշտեցումը կատարվել է առանց Մոսկվայի մասնակցության, միայն շնորհիվ ԱՄՆ միջնորդության եւ Թուրքիայի ղեկավարության ցանկության: Այդ արձանագրությունները զգալիորեն թուլացնում են ռուսական դիրքերը Կովկասում, նվազեցնում Միսնկի խմբի հովանու ներքո իրականացվող խաղաղարար գործունեությունը»,- ասել է նա: