Էրդողանը Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է պետության ղեկավարների դեմ նախաձեռնած զինվորականների ծրագիրը
12:59 / 30.10.2009

Թուրքիայում կրկին սկսել են խոսել «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիր» կոչված փաստաթղթի շուրջ։ Հոկտեմբերի 29-ի Էրդողան-Բաշբուղ հանդիպմանը նույնպես քննարկվել են այդ փաստաթղթի հետ կապված խնդիրներ։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության պաշտոնական ընդունարանում հերթական հանդիպումն է անցկացրել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղի հետ։ Խոսակցության հիմնական թեման եղել է այս տարվա հոնլիսի 12-ի Taraf թերթում հրապարակված «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիր» («Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի վերացման պլան) կոչված փաստաթղթի շուրջ։ Խոսակցության մեջ հույս է հայտնվել, որ այդ փաստաթղթի հետ կապված մանրամասները շուտով հայտնի կդառնան։

NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական «Taraf» թերթի 2009 թվականի հունիսի 12-ի համարում ներկայացվել է ""Արդարություն եւ զարգացում" կուսակցության եւ Գյուլենի իսլամական միության վերացման" փաստաթուղթը (ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիրը)՝ գնդապետ Դուրսուն Չիչեքի ստորագրությամբ: Փաստաթուղթում ներկայացվում էր, որ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում մշակվել է ծրագիր, որով պետք է վերացվեր Էրդողանի կուսակցությունը եւ Գյուլենի իսլամական միությունը, քանի որ նրանք աշխարհիկ Թուրքիան փորձում են վերածել իսլամականի: Զինվորականության արձագանքը չուշացավ: Թե զինվորական դատախազությունը, թե գլխավոր շտաբը չեն ընդունում նման փաստաթղթի գոյությունը՝ համարելով դա վիրավորանք` ուղղված Թուրքիայի զինված ուժերին: Ներկայումս այդ գործով հետաքննությունները շարունակվում են։