Պաշտոնական Մինսկը բացառում է ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադարձությունների ռազմական զարգացման հնարավորությունը
13:02 / 30.10.2009

Մինսկը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրադարձությունների ռազմական զարգացումը բացառվում է։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Մարտինովը։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ըստ նրա, Բելառուսը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի փոխզիջումների, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, կողմերի պայմանավորվածությունների համապատասխան։ «Կցանկանայինք հուսալ, որ ոչ հեռու ապագայում Մինսկը կարող է իր հարկի տակ ընդունել խաղաղության ամփոփիչ խորհրդաժողովը»,- նշել է Մարտինովը։

Մինսկի կողմից Ադրբեջանին, որը գտնվում է ՀԱՊԿ գծով Բելառուսի գործընկեր Հայաստանի հետ պատերազմական վիճակում, զենք մատակարարելու փաստը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Սերգեյ Մարտինովը նշել է, որ դրանք իրականացվում են առանց բելառուսական կողմի ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ գծով պարտավորությունների խախտման։ «Մենք նաեւ հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ մեր ռազմա-տեխնիկական համագործակցությունը առավելագույնս խորը լինի»,- նշել է նա՝ հավելելով, որ Բելառուսը միշտ էլ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր պարտավորություններին։