ԵՄ հատուկ ներկայացուցիչ. ստատուս-քվոն Ղարաբաղի շուրջ չի կարող հավերժ շարունակվել
13:18 / 02.11.2009

Ստատուս-քվոն Ղարաբաղի շուրջ չի կարող հավերժ շարունակվել։ Այս մասին նոյեմբերի 2-ին «Время новостей» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ ավելացնելով, որ այս փաստն, իր համոզմամբ, գիտակցում է նաեւ հայկական կողմը «բայց դրա համար պետք է ճիշտ պայմաններ ստեղծել, որպեսզի ղեկավարությունը կարողանա զբաղվել նաեւ ղարաբաղյան հարցով»։

«Կարգավորումը հայկական կողմին թույլ կտա կենտրոնանալ ուրիշ մեծ եւ կարեւոր հարցերի վրա»,- հայտարարել է Սեմնեբին, ում խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը «դրական շարժ եւ ղարաբաղյան հարցի կարգավորման նոր հնարավորություններ կստեղծի»։

Խոսելով ղարաբաղյան հարցում հայկական եւ ադրբեջանական կողմերի զիջումների մասին՝ Սեմնեբին նշել է, որ «ամեն ինչ պարզ նշված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք այժմ՝ „Մեծ ութնյակի“ հանդիպումից հետո, հիմնականում հայտնի են դարձել»։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ երկկողմանի զիջումներ կան, «իսկ ամենադժվար հարցերը, այսինքն՝ Ղարաբաղի կարգավիճակին առնչվող հարցերը, հետաձգվում են անորոշ ժամանակով»։

Դիտարկմանը, թե կարգավիճակի մասին հանրաքվեն կարող է Երեւանի համար անընդունելի արդյունքի բերել, հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ կողմերն, ամեն դեպքում, քննարկումների առումով առաջընթաց ունեն. «Հարցեր կան, բայց եթե բարենպաստ մթնոլորտ ստեղծվի, վստահ եմ, որ հնարավոր կլինի առաջ գնալ»։

Վերադառնալով հայ-թուրքական մերձեցմանը, Սեմնեբին նշել է, որ «այդ հարցով Հայաստանում պայթյունի չի սպասում»։

Նրա կարծիքով, հարաբերությունների կարգավորման դեմ տրամադրությունները չեն գալիս Հայաստանի ներսից, այլ արտերկրում ապրող հայերից, ինչը լուրջ խնդիր է հայաստանյան ղեկավարության համար. «չէ՞ որ Հայաստանի համար մեծ դեր խաղացող Սփյուռքը դրան միանշանակ չի մոտենում, եւ պետք է համաձայնության գա երկրում ապրող հայերի հետ»։