The Economist. Հիասթափվելով Եվրոպայի վերաբերմունքից, Թուրքիան սկսեց վերանայել իր մոտեցումները արաբական աշխարհի նկատմամբ
17:39 / 02.11.2009

Հիասթափվելով Եվրոպայի վերաբերմունքից, Թուրքիան սկսեց վերանայել իր մոտեցումները արաբական աշխարհի նկատմամբ, գրում է The Economist-ը: Պարբերականը նշում է, որ "հազար տարի է անցել, ինչ թուրքերը հայտնվեցին Մերձավոր Արեւելքում` Անատոլիա գաղթելով Կենտրոնական Ասիայից: Երբ Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ եւ 1923թ. հռչակվեց Թուրքական Հանրապետությունը, այն իր հայացքը սեւեռեց դեպի Արեւմուտք, մասնավորապես ԱՄՆ, եւ վերջինիս դաշնակիցն էր՝ Խորհրդային Միության դեմ սառը պատերազմի տարիներին: Այժմ էլ թուրքերը կրկին իրենց զգացնել տվեցին տարածաշրջանում՝ հավակնելով դիվանագետների եւ առեւտարականների դերին: Նման զարգացումները լիովին տրամաբանական են՝ հաշվի առնելով թուրքական տնտեսության ուժը, պարտադիր հակակղերականացումից եւ ֆրուստրացիայից հետո իսլամական տարրի վերածնունդը, որ կապված էր Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հետ: Վերջին 7 տարիներին Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա արտահանվող թուրքական ապրանքների արժեքը աճել է շուրջ 7 անգամ եւ 2008թ. հասել է 31 մլրդ դոլարի։

Սկսած մեքենաներից՝ մինչեւ ամանեղեն, սերիալներից՝ մինչեւ թզի չիր, թուրքական ապրանքները դեռ մեկ տասնամյակ առաջ որեւէ մեկին հայտնի չէին, իսկ այժմ գերիշխող են Թեհրանից՝ Ալժիր: Բայց Թուրքիան պատրաստվում է ավելի աճել՝ դառնալով Եվրոպայի համար գազի առաքման տարանցման կետ: Եւ նրա դերն ավելի ու ավելի կաճի՝ գազախողովակների քանակությունից կախված:

Թուրքական TAV շինարարական ընկերությունը արդեն ավարտել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում խոշորագույն օդանավակայանի կառուցումը: Ընկերությունը նույնն անում է Լիբիայում, Քաթարում, Թունիսում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Թուրքերը լուրջ գումարներ են ներդրել իրաքյան Քուրդիստանում: Նրանք նաեւ համագործակցության ուղիներ են փնտրում Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի վեց անդամների հետ՝ ներառյալ Սաուդիան Արաբիան: Անցած ամիս երկրի մի շարք նախարարներից բաղկացած պատվիրակությունն այցելեց Բաղդադ եւ Սիրիա՝ համապատասխանաբար 48 եւ 40 գործարքներ կնքելով: Գործարքները, որ բազմաթիվ հարցեր են ներառում՝ տուրիզմից մինչեւ հակաահաբեկչական նախաձեռնություններ, կարող են վերջ տալ տասնամյակներ տեւած լարվածությանը: Հարկ է նշել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Իրան, եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը, որ հոկտեմբերի 10-ին պսակվեց համապատասխան արձանագրոթյունների ստորագրմամբ: Մնում է, որ դրանք վավերացվեն երկու երկրների խորհրդարաններում:

Թուրքական նոր դիվանագիտության ճարտարապետը երկրի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն է, որը հռչակել է «զրո խնդիրներ հարեւանների հետ» կարգախոսը՝ որպես երկրի արտաքին քաղաքականության ուղեգիծ: Իր գրքում նա Մերձավոր Արեւելքը որակել է որպես «Թուրքիայի համար ռազմավարական առաջնահերթություն»: Անցյալում Թուրքիան իրեն տեսնում էր որպես ՆԱՏՕ-ի «ճակատային գիծ», իսկ այժմ Անկարան դավանում է առեւտրի զուսպ քաղաքականությանը:

Այդուհանդերձ, նման փոփոխությունը հնարավոր չէր լինի առանց Թուրքիայում դրամատիկ զարգացումների:

Արաբական աշխարհը ողջունում է Թուրքիայի՝ Իրանին հակակշիռ լինելու «կեցվածքը», նաեւ, որ այն կարող է դարպաս դառնալ դեպի Եվրոպա:

Հարկ է նշել, որ վերակառուցման համար Թուրքիան որոշակի գին վճարեց՝ վատթարացան հարաբերությունները Իսրայելի հետ, երբ Էրդողանը բացեիբաց դժգոհություն հայտնեց Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ, թեեւ թուրքական կառավարության պաշտոնատարները հայտնում են, որ մտադիր չեն խզել կապերը Իսրայելի հետ, իր էջերում գրում է The Economist-ը: