Գերհարդ Շրյոդեր. Թուրքիան կարեւոր դեր է խաղում տարածաշրջանային հակամարտություների լուծման գործում
14:14 / 03.11.2009

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քիլնթոնը ողջունել է Թուրքիայի «պետությունը կրոնից հաջողությամբ բաժանելու գործընթացը, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց ազատորեն արտահայտել իրենց կրոնական համոզմունքները, չպարտադրելով դրանք», իսկ Գերմանիայի նախկին կանցլերը կոչ է արել Եվրոպական Միությանը պահել Թուրքիային տված խոստումն ու նրան ընդունել ԵՄ շարքերը: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, հանդես գալով «Սինփաշ» անշարժ գույքի ընկերության կազմակերպած ասուլիսում, Քլինթոնն ու Շրյոդերը թուրքամետ ելույթներ են ուենցել: Նախկին նախագահ Քլինթոնը, որ դեռ մեծ ժողովրդականություն է վայելում Թուրքիայում, ողջունել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը:

Քլինթոնը, սակայն, կտրուկ է արտահայտվել Հալկի միջազգային սեմինարիայի փակման դեմ: «Դուք պետք է մտածեք: Ինչո՞ւ է ուղղափառների թիվը կրճատվում, երբ բնակչությունն աճում է: Կարծում եք՝ ավելի լավ կլինի, եթե ուղղափառ համայնքի անդամներն ընկնեն Ռուսական եկեղեցու ազդեցության տա՞կ»: Քլինթոնը նաեւ հայտարարել է, թե ինքը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ջատագովն է:

Նա հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիային իր աջակցելը «բխում է ամերիկացիների շահերից», նկատելով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցվել է այն շրջանում, երբ ինքը զբաղեցնում էր նախագահի աթոռը: «Ես ուրախ եմ տեսնել, որ Թուրքիան շարունակում է խորացնել էներգետիկ համագործակցությունն այլ երկրների հետ»,- հայտարարել է նա:

Իր հերթին Գերհարդ Շրյոդերը ցավ է հայտնել, որ ԵՄ-ն չի գնահատում Թուրքիայի դերը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում: «Թուրքիայի անդամակցումը զգալի օգուտ կտա Եվրոպային»,- նշել է նա: Իր խոսքում Գերմանիայի նախկին կանցլերն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, թե Թուրքիան կարեւոր դեր է խաղում տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում:

Շրյոդերն ընդգծել է Թուրքիայի զգալի դերը էներգետիկ անվտանգության ոլորտում, հատկապես՝ Nabucco եւ «Հարավային հոսք» նախագծերի մեջ: Հանդիսանալով «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության խորհրդականը, Շրյոդերը նշել է, թե այդ նախագծերը մրցակցող չեն: Nabucco-ի նպատակն է կասպիական գազը Թուրքիայով հասցնել Եվրոպա՝ թուլացնելու նրա կախվածությունը Ռուսաստանից, մինչդեռ «Հարավային հոսք» նախագիծը այլընտրանք է Ուկրաինայի տարածքով առաքմանը, որ, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, խնդրահարույց է: