Guardian. Մեծ Բրիտանիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ գործնական օգուտների բացակայության պատճառով
09:58 / 04.11.2009

Մեծ Բրիտանիան մեղադրվեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու ցանկության մեջ, երբ բացահայտվեցին երկրի արտգործնախարարության որոշ արխիվային փաստաթղթեր, գրում է Guardian-ը:

Խոսքը գնում է 15-ամյա վաղեմության փաստաթղթերի մասին, որոնք վկայում են, որ Մեծ Բրիտանիան անգլո-թուրքական հարաբերություններն այնքան կարեւոր է համարում, որ մտադիր չէ Օսմանյան կայսրությունում կատարվածը ճանաչել որպես ցեղասպանություն: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում նախարարների մասնակցությամբ կայացած ճեպազրույցներից մեկում ասվել էր, թե «բրիտանական կառավարությունը բաց է էթիկական նորմերի շրջանակներում քննադատությունների համար: Բայց տվյալ դիրքորոշումը միակ ընդունելին է մեզ համար, հաշվի առնելով Թուրքիայի հետ քաղաքական, ռազմավարական եւ առեւտրային հարաբերությունները»:

Իսկ 1999թ. կայացած ճեպազրույցում ասվել է, թե Ցեղասպանության փաստի ճանաչումը Անգլիային որեւէ գործական օգուտ չի կարող բերել":

Guardian-ն ընդգծում է, որ "երկրի իշխանությունների նման դիրքորոշումը փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի կողմից ցինիկ է որակվել: Ռոբերտսոնը հայ փախստականների կողմից լիազրոված էր Անգլիայում ուսումնասիրել ԱԳՆ-ում պահվող փաստաթղթերը: Դրանք դժվարությամբ են տրվել, այն էլ միայն տեղեկատվության ազատության մասին օրենքի շնորհիվ: Ռոբերտսոնի զեկույցում, որ հրապարակվել է նոյեմբերի 3-ին, ասված է, որ «երկրի խորհրդարանը ապատեղեկացվել է նախարարների կողմից, որոնք ներկայացրել են գործը՝ չմտահոգվելով տվյալների իսկության մասին: Որեւէ կասկած չկա, որ 1915թ.-ին Օսմանյան կայսրության ղեկավարությունը հրաման է տվել 2 մլն հայերի տեղահանման մասին… հարյուր հազարավորները մահացել են ճանապարհին՝ սովից, հիվանդություններից եւ զինված հարձակումներից»:

«1948թ. ցեղասպանությունների մասին կոնվենցիան ընդունվել է ՝ ի գիտություն ընդունելով Հայոց ցեղասպանությունը: Բազմաթիվ գիտնականներ եւ եվրոպական խորհրդարաններ իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն, մինչդեռ բրիտանական կառավարությունը կտրականապես հրաժարվել է ընդունել փաստը»,- գրում է պարբերականը: