Բելառուսի սիրտը ադրբեջանական նավթ է ուզում
16:58 / 04.11.2009

Բելառուսը հետաքրքրություն է ցուցաբերում Օդեսա-Բրոդի երթուղով նավթի մատակարարման նկատմամբ: Այս մասին հայտարարել է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Լիխովին: «Նախկինում Կասպից ծովից դեպի հյուսիս ձգվող նոր նավթային միջանցքի նկատմամբ Ուկրաինայից եկող ազդանշանները օդից կախված էին: Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ դրանք լսվում են նաեւ Բելառուսում»,- ասել է ուկրաինացի դիվանագետն ու հավելել. «Մեզ ասում են, որ առաջարկները մշակվում են փորձագետների կողմից եւ Բելառուսը հետաքրքրություն է ցուցաբերում, սակայն տարբեր պատճառներով դեռ չի մասնակցում գործընթացներին: Պատճառներից մեկն այն է, որ այդ նախագիծը երաշխիքներ չի տալիս, որ խողովակաշարը կլցվի հումքով»:

Բացի այդ, Լիխովիի խոսքով, «պետք է հաշվի առնել, որ Բելառուսն ունի իր շահերը Կասպյան ու Միջին Ասիայի տարածաշրջաններում: Մասնավորապես զարգանում են կապերը Ադրբեջանի ու Իրանի հետ»:

«Հարցն անգամ գնի շուրջ առեւտուր անելը չէ: Հարցը մատակարարումների անվտանգությունն է: Ավելի հաճախ են խնդիրներ առաջանում հին նավթամուղների աշխատանքի տեխնիկական անվտանգության հետ կապված: Գաղափար է առաջ գալիս կառուցել շրջանցող ուղիներ, որոնք, սակայն, անկախ փորձագետների կարծիքով, հեռանկարային չեն Եվրոպայի համար»,- ասել է դեսպանը: