Բաքուն օգնության է կանչում «Շոու»-մենների
14:04 / 06.11.2009

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ադրբեջանական կողմի փաստարկները սպառվել են, եւ այժմ պաշտոնական Բաքուն շտապում է դիմել մասնավոր անձերի օգնությանը` խեղաթյուրելու համար միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը կազմակերպել էր «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» թեմայի վերաբերյալ քննարկումներ:

Հանդիպումը նախագահում էր հենց կազմակերպիչը` Ադրբեջանի դեսպան Մեհդիեւը, որը ներկայացնելով օրվա թեման, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններից ընտրովի քաղվածքներ անելով, աղավաղելով դրանց էությունը, բողոքել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ում տարածած հուշագրի առթիվ` այն որակելով որպես «ապակողմնորոշող»:

Ադրբեջանցիները միջոցառմանը` որպես հիմնական բանախոս Լոնդոնից հրավիրվել էին՝ Ադրբեջանի իրավական հարցերով խորհրդատու` պրոֆ. Մալքըլմ Շոուին, ով ներկայացրել է իր կողմից Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանող զեկույցը:

Այնուհետեւ, միջոցառմանը մեկնաբանություններով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ով, անդրադառնալով Ադրբեջանի դեսպանի ելույթի դրույթներին, խոսել է միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց անհիմն լինելու մասին՝ իր քննադատությունն ուղղելով պրոֆ. Շոուի զեկույցներում տեղ գտած խեղաթյուրումների եւ անընդունելի ձեւակերպումների վրա:

Իր խոսքում Հայաստանի ներկայացուցիչը նշել է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների եւ Արցախին պարտադրված լայնածավալ պատերազմի իրական պատմությունը, ինչպես նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ից Արցախի անջատման իրավական հիմքերը: Անդրադառնալով «Ադրբեջանի իրավական խորհրդատուի» զեկույցին` դեսպան Նազարյանը տարակուսանք է հայտնել, որ միջազգային իրավունքի պրոֆեսորի կոչում ունեցող մարդը կարող է հայտարարել, որ ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառելի է պատմության միայն որոշակի ժամանակահատվածի` ապագաղութացման գործընթացների դեպքում, կամ որ այդ իրավունքը ստորադասվում է տարածքային ամբողջականությանը:

Հայաստանի դեպանի հայտարարությունը խուճապի է մատնել վայ-պրոֆեսորին, որ հայտարարել է, թե ինքը չլինելով դիվանագետ՝ չի կարող այդ մակարդակով բանավիճել Հայաստանի դեսպանի հետ: Նա հավելել է, որ իր զեկույցների նպատակը չէր միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելը, եւ ինքն իր աշխատանքը կողմնապահ չի համարում:

Ադրբեջանի ներկայացուցիչը, հիշատակելով 2009թ. հուլիսին ՄԽ համանախագահների հայտարարությունը, հարցրեց Շոուին, թե ինչպես կարելի է միջազգային իրավունքի տեսակետից մեկնաբանել երեք սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման եւ ազգերի ինքնորոշման իրավունքի փոխզիջումը:

Հանդիպմանը կարճատեւ ելույթ են ունեցել նաեւ Ուկրաինայի, Թուրքիայի եւ Վրաստանի ներկայացուցիչները, որոնց ելույթները պրոֆեսորը հրաժարվել է մեկնաբանել: