Ադրբեջանցի պատգամավորները նորից մեկնում են Անկարա քննարկելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները
12:34 / 11.11.2009

Նոյեմբերի 12-16-ը Անկարայում տեղի է ունենալու խորհրդաժողով՝ նվիրված թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որին մասնակցելու են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Գանիրա Փաշաեւան եւ Ռաբիյաթ Ասլանովան: Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ այդ գործընթացի ազդեցությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո մեկ անգամ արդեն ադրբեջանցի խորհրդարանականները այցելել են Անկարա, որտեղ հանդիպել են իրենց թուրք գործընկերների, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը, մինչեւ ԼՂ խնդրում առաջընթաց չգրանցվի:

Այդուհանդերձ, Ադրբեջանում շարունակում են մտավախություն ունենալ, որ Թուրքիան, առանց ԼՂ խնդրի լուծման, կվավերացնի այդ արձանագրությունները եւ կբացի սահմանը, քանի որ նրանք էլ են հասկանում, որ դա բխում է Թուրքիայի շահերից, որի միջոցով Թուրքիան կմեծացնի իր ազդեցությունը տարածաշրջանում: Դա է, թերեւս, պատճառը, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները եւս մեկ անգամ ցանկանում են Անկարայում քննարկել այդ խնդիրները: