Թուրքական թերթը հայկական հանգստի մասին
15:20 / 11.11.2009

«Հայկական տուրիստական գործակալությունները երկրի քաղաքացիներին առաջարկում են այցեր եւ հանգիստ տարբեր երկրներում՝ Վրաստանում, Հունաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Հորդանանում, սակայն հայերի 70 տոկոսը նախընտրում է Թուրքիան, մասնավորապես՝ Անթալիան»,- իր էջերում դատողություններ է անում թուրքական «Zaman» թերթը:

Պարբերականը նշում է, որ «Թուրքիա ժամանող հայերը կարող են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ապացույցը դառնալ: Շրջափակված երկրի ցանկացած քաղաքացի կարող է երազել Միջերկրական ծովի մասին, ինչի մասին վկայում են երեւանյան շենքերին փակցված պաստառները, որ գովազդում են դեպի Անթալիա շրջագայությունները: Եւ այն ժամանակ, երբ շատերի մոտ այդ պաստառները երազանք են, որ կարող են իրականանալ, մյուսների համար սադրանք են դառնում: ՀՅ Դաշնակցության երիտթեւը արդեն քաղաքապետարանից պահանջել է վերացնել այդ պաստառները: Նրանք դա զիջում են համարում Թուրքիային՝ վերջինիս կողմից 1915թ. դեպքերի ժխտման գործում: Քաղաքապետարանը դեռ չի արձագանքել, եւ կարելի է ասել, եթե սահմանները բացվեն, պաստառները կմնան իրենց տեղերում:

Ազգայնականների տրամաբանությունը Թուրքիա կատարվող շրջագայությունների եւ հանգստի մասով նույնանման է Թուրքիայի ձախ ուժերի տեսակետին. Թշնամուն գնացող ցանկացած գումար, հետ է գալու որպես ռազմական ագրեսիա եւ շահագործում: Այդ մասին վկայում է Երեւանի փողոցներից մեկում փակցված պաստառը: Դա ունիվերսալ լեզու է բոլոր ազգայնականների եւ շովինիստների համար: Եւս մի ազգայնական կարգախոս էլ փաստում է, թե „Թուրքիան չի կարող եւս մեկ անգամ ջարդել մեզ“: Նույն ոգով էլ արտահայտվում են թուրք ազգայնականները, երբ ահաբեկչական Քրդական բանվորական կուսակցության զինյալների երեք խումբ ժամանեցին Իրաքից եւ հանձնվեցին իշխանություններին: Նրանք հարցաքննվել են եւ բաց են թողնվել՝ վերադառնալով իրենց օջախները: Նրանց դիմավորեցին հրճվանքով, քանի որ հանձնվելով՝ վերջ դրեցին թշնամությանը: Իսկ թուրքական իշխանությանը մեղադրեցին, որ ունենալով հզոր բանակ, այնպիսի տպավորություն է ստեղծում, թե երկիրը պարտվել է ահաբեկիչներին: Բազմաթիվ այլ աբսուրդ հայտարարություններ էլ արվեցին»,- գրում է Zaman-ը:

«Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հանդես չի գալիս Անթալիա կատարվող շրջագայությունների դեմ, բայց էկոնոմիկայի նախարարությունն ակտիվորեն քարոզում է երկրի ներսում կատարվող զբոսաշրջությունը՝ դեպի Սեւանա լիճ, լեռնային Ծաղկաձոր, հանքանյյին ջրերով հարուստ Ջերմուկ, եւ պատմական Լեռնային Ղարաբաղ: Ողջ փաթեթի գինը սկսվում է 700 դոլարից, այն դեպքում երբ մեկշաբաթյա հանգիստը Անթալիայում՝ համապատասխան սերվիսով, ծովով ու արեւով արժե 450 դոլար: Իհարկե, դու կարող ես հայրենասեր լինել, բայց ծանր աշխատանքային տարվանից հետո լավ ու տաք հանգստից լավ բան չկա: Հատկապես, երբ քո թշնամին քեզ սպասարկում է բարեկամական ժպիտով»,- նշում է թերթը: