«Ֆորէքս» ակումբները պարզապես տոտալիզատորներ են
15:55 / 13.11.2009

«Ֆորեքս» ակումբները, որոնք անհատ անձանց արտարժույթով առեւտուր անելու հնարավորություն են տալիս, պազապես տոտալիզատորական ակումբներ են։ NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նման կարծիք արտահայտեց NASDAQ OMX Armenia ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը՝ ավելացնելով, որ «Ֆորէքս» ակումբները ուշացած տեղեկատվություն են տրամադրում արտարժույթի միջազգային շուկայից։ Նույնիսկ, եթե բորսայից մեկ րոպե ուշացումով տեղեկատվություն է տրամադրվում, ապա դա նշանակում է, որ այն արդեն պատմություն է եւ հնացած է: Նրա խոսքով, բորսայում մեկ րոպեի ընթացքում հսկայական փոփոխություններ կարող են լինել, ինչը ներդրողի համար կարող է ճակատագրական ավարտ ունենալ։

Ըստ Ա. Մելիքյանի՝ նմանատիպ ակումբների մեկը հիսունի, մեկը հարյուրի, կամ մեկը երկուհարյուրի հարաբերակցությամբ տրամադրած վարկային հնարավորությունները միայն խաղալու համար է, այլ ոչ թե սեփականության իրավունք են տալիս։ «Ըստ նրանց՝ եթե որեւէ մեկը 1000 դոլար ներդրում է կատարում ցանցում, ապա իրենք այն բազմապատկում են 100 անգամ, դա իրական չէ, որովհետեւ եթե դուք դրանով դոլար գնեք, չեք կարող կանխիկացնել կամ տնօրինել այլ ձեւով»,- նշեց նա՝ նկատելով, որ հիմնական թերությունը ուշացած տեղեկատվությունն է, դրա պատճառով, որեւէ մեկը չի կարող ճշգրիտ վերլուծություն կատարել արտարժույթի ընթացիկ, իրական շուկայում: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի ղեկավարի կարծիքով՝ «Ֆորէքս» ակումբները մեկ դրական կողմ ունեն, դրանց միջոցով հնարավոր է բարձրանա հասարակության ֆինանսական գիտելիքների մակարդակը, եւ զարգանան նրա ֆինանսական վերլուծություն կատարելու ունակությունները։