Սերժ Սարգսյան. Հայերն ու ռուսները հոգեհարազատ ազգեր են
19:46 / 16.11.2009

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ռուսական հեռուստատեսության օրերի շրջանակում Երեւանում գտնվող մի շարք ռուսական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների եւ ոլորտի այլ ներկայացուցիչների պատվիրակությանը: Պատվիրակությունը գլխավորում է «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ, միջպետական մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նման միջոցառման անցկացումը, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական ազմավարական գործընկերային հարաբերությունները պահանջում են մշտական հոգածություն բոլոր բնագավառներում: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների խորացմանը նաեւ հումանիտար ոլորտում: Մենք հոգեհարազատ ազգեր ենք. մեր նախապապերը, մեր պապերը, մեր ծնողներն ընկերություն են արել: Մենք այսօր շարունակում ենք այդ ընկերությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն այդ գործում կարեւորել է զանգվածային լրատվամիջոցների, հատկապես` հեռուստատեսության դերը:

Հյուրերը նախագահ Սարգսյանին են ներկայացրել հայ գործընկերների հետ քննարկումների արդյունքները, հանդես եկել առաջարկություններով: ՀՀ նախագահը հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ Միխայիլ Շվիդկոյին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով: