Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող նշել ամենակոռումպացված ոլորտները
15:13 / 19.11.2009

2010թ. Հայաստանի Վերահսկիչ պալատը զեկույց է ներկայացնելու, որտեղ ներկայացվելու են բոլոր այն ոլորտները, որտեղ որոշակի խախտումներ եւ կոռուպցիայի դեպքեր են արձանագրվել: Այդ մասին Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի ղեկավար Յացեկ Եժիրսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի Վերհսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա չի նշել ամենակոռումպացված ոլորտները՝ նկատելով, թե «այսօր դա դժվար է անել», քանի որ «կոռուպցիա հասկացությունը սահմանափակվում է միայն շորթում եւ կաշառք հասկացություններով»:

Սակայն նրա լեհ գործընկերը չվախեցավ նշել իր երկրի ամենակոռուպմացված ոլորտները՝ ոստիկանությունն ու առողջապահությունը: Նա խոստովանեց, որ չնայած կաշառակերության զանգվածային դրսեւորումներն արդեն վերացված են, քանզի այդ ոլորտների ներկայացուցիչները գիտակցում են, որ հանցանք են գործում, Եժիրկսին չբացառեց, որ առանձին դեպքեր առ այսօր գրանցվում են: Բացի այդ, Լեհաստանի վերահսկիչի նախագահի խոսքով, ռիսկային գոտում է սեփականաշնորհման ոլորտը: Նա փաստեր մատնանշեց, որ որոշակի շրջանակներ փորձել են ճնշում գործադրել պատգամավորների վրա՝ այս կամ այն որոշման ընդունման հարցով, օրինակ՝ խաղատնային բիզնեսի օրենքի ընդունման ժամանակ։ Սակայն այդ օրենքն այդպես էլ չընդունվեց, իսկ հարցով զբաղվում է հատուկ ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը:

Յացեկ Եժիրսկին նաեւ հայտնեց, որ Լեհաստանում բարձրագույն վերահսկիչ պալատը գործում է անկախ պետության ստեղծման օրվանից՝ շուրջ 90 տարի, եւ նրա փորձը բավարար է այլ երկրների փոխանցելու համար: