Հրայր Կարապետյան. Վազգեն Սարգսյանը գիտակցում էր, թե ինչ վտանգ էր ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի համար
16:02 / 19.11.2009

Հարցազրույց խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հրայր Կարապետյանի հետ։

Պրն. Կարապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ-ի ակտիվի նիստում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հակասական էր, նա ինքը հակասական մարդ է եղել իր նախագահության տարիներին, եւ նրա ելույթն ապացուցեց, որ նա չի փոխվել։ Օրինակ, Տեր-Պետրոսյանի խոսքերից այդպես էլ պարզ չդարձավ, թե հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ ի՞նչ դիրքորոշում ունի ՀԱԿ-ը։ Նրանք մեկ ասում են, որ այդ հարցում փոխզիջումներ չպետք է լինեն, մեկ մերժում են Հայ Դատը։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ բան է Հայ Դատը, կապվա՞ծ է այն Ցեղասպանության հետ։

Նա շարունակում է մերժել Հայ Դատը, իսկ Հայ Դատի առաջին պահանջը արցախյան հարցն է։ Պատահական չէ, որ իր նախագահության տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանը վարում էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականություն։ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը հենց այդ մասին է վկայում։ Բայց եթե իր իշխանության տարիներին նա այս հարցով քողարկված քաղաքականություն էր վարում, ապա այսօր դա անում է ակնհայտ կերպով՝ Հայ Դատի համար պայքարը որակելով իբրեւ հիստերիկ պայքար։ Ընդդիմություն համարել քաղաքական ուժին, որի միակ նպատակը իշխանափոխությունն է, լուրջ չէ։

Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ չնայած ավելի վաղ շրջանում Լեւոն Տեր-Պետոսյանը Սերժ Սարգսյանի հասցեին անխնա քննադատություն էր հնչեցնում, իր վերջին ելույթում նա փորձում էր պաշտպանել, արդարացնել ներկա նախագահին՝ երկրում ստեղծված իրավիճակի համար մեղադրելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ես նրա ելույթը ոչինչ չասող խոսքերի խաղ եմ համարում, եւ կարծում եմ՝ ոչ ժողովուրդը, ոչ քաղաքական գործիչները, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանը, չպետք է լուրջ վերաբերեն ազգային շահերը անտեսող մարդու խոսքերին, ով ղեկավարվում է բացառապես անհատական նկրտումներով։ Պատահական չէ, որ երրորդ հանրապետության ամենավառ քաղաքական գործիչներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, մեծ դերակատարություն ունեցավ Լեւոն Տեր- Պետրոսյանի՝ պաշտոնից հեռանալու հարցում, քանի որ լավ էր գիտակցում, թե ինչ վտանգ էր ներկայացնում նա Հայաստանի համար։

Շատ փորձագետներ կարծում են, որ Սերժ Սարգսյանին ուղղված իր խոսքերով Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունների շեմին փորձում էր համագործակցության ձեռք մեկնել իշխանությանը

Չի բացառվում, որ այդ փորձագետները ճիշտ են։ Եթե ՀԱԿ-ի եւ իշխանությունների տեսակետները համընկնում են, ապա ՀՅԴ-ն ճիշտ է, իշխանության վարած քաղաքականության մեջ 180 աստիճանով փոփոխություն է տեղի ունեցել։

Ի՞նչ եք կարծում, ինչի կհանգեցնեն ՀԱԿ-ում սկսված խմորումները. խոսքը ՀԱԿ-ի կազմում եղած «Միացում» նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի քննադատության մասին է։

Ես կարծում եմ, որ գործընթացները կարող են բերել ՀԱԿ-ի պառակտման։ Նրա մեջ գտնվող ուժերն անգործության մեջ են մեղադրում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ մտածելով, որ կոնգրեսի պասիվությունը՝ ՀՅԴ-ի ակտիվ գործունեության ֆոնին, նվազեցնում է ՀԱԿ-ի հեղինակության աստիճանը։

Պրն Կարապետյան, Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված երկրորդ նախագահի այսչափ օպերատիվ պատասխանը առաջինին։

Երբ մարդու հասցեին մեղադրանքներ են հնչում, նա շտապում է պատասխանել դրանց։ Բայց մյուս կողմից, եթե մարդը մեղավոր չէ, բայց ջանում է արդարանալ, նա կիսով չափ մեղավոր է դառնում։