Հաշմանդամների զբաղվածության հարցը լուծելուն ուղղված փորձնական ծրագիր է մեկնարկել
18:58 / 19.11.2009

Սահմանափակ կարողություններով մարդկանց զբաղվածության ապահովման համար Հայաստանում փորձնական ծրագիր է մեկնարկել։ Այս մասին նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ ներկայումս հաշմանդերին աշխատանքով ապահովող 2 ձեռնարկություն է գործում։ Ըստ փոխնախարարի՝ այդ ձեռնարկություններում աշխատում են ինչպես հաշմանդամներ, այնպես էլ սովորական կարողություններով մարդիկ։ Նրա խոսքով, ծրագիրը գործում է՝ հիմքում ունենալով Լիտվայի եւ Շվեդիայի իրականացրած ծրագրերի փորձը։ «Մենք ցանկանում ենք այսպիսով լուծել սահմանափակ կարողություններով մարդկանց հասարակությունում ինտեգրվելու խնդիրը»,- նշեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ ձեռնարկությունները հնարավոր է հարկային արտոնություններ ունենան։ Ըստ Ջ. Բաղդասարյանի՝ այսօր Հայաստանում 175 հազար հաշմանդամ է հաշվառված, որոնցից 114 հազարը աշխատանքային տարիքի է։

Նրա խոսքով՝ արդիական է մնում նորակառույցներում, տրանսպորտում սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների անտեսման խնդիրը։

Հաշմանդամների հարցերով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ նորակառույց շենքերի սեփականատերերի հետ երբեմն փորձ արվում է բանակցելու, որ սահմանափակ կարողություններով մարդկանց համար եւս նախատեսեն տեղաշարժվելու հնարավորություններ, սակայն դա արդյունք չի տալիս։ «Երբեմն փորձում ենք համոզել, որ այդ շքեղ շենքերում հաշմանդամների համար հարթակներ նախատեսեն կամ դռների չափսը որոշելիս հաշվի առնեն անվասայլակի լայնությունը, պատասխանում են, որ հավելյալ ծախսեր չեն անի»,- նշեց նա։

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը հաշմանդամների խնդիրներին եւս մեկ անգամ ուշադրություն գրավելու համար մեկամսյակ է սկսել։ Միջոցառումներ են կազմակերպվելու Երեւանում, Գյումրիում, Սպիտակում։