Պուտինը նախազգուշացրել է Յուշենկոյին՝ Սահակաշվիլիի՝ փողկապներ ուտելու սովորության մասին
10:17 / 20.11.2009

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոյին խորհուրդ է տվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հանդիպել առանց փողկապի:

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ հանդիպման ամփոփիչ ասուլիսում Պուտինը, պատասխանելով ռուսաստանցի լրագրողուհու հարցին՝ գիտի արդյո՞ք Միխայիլ Սահակաշվիլիի Ուկրաինա կատարելիք այցի մասին, ասել է. «Դուք կարծում եք՝ ես հետեւում եմ (Սահակաշվիլիի) բոլոր տեղաշարժերին: Ես գիտեմ, թե ինչով ենք մենք զբաղվել (Տիմոշենկոյի հետ): Մեր պատվիրակության կազմում են իմ առաջին տեղակալը, երկու փոխվարչապետ, որ զբաղվում են արդյունաբերությամբ, էներգետիկայով, տրանսպորտով: Մենք խոսել ենք տիեզերքում համագործակցելու մասին, մեքենաշինության, էներգետիկայի, ավիաշինության մասին»,- ասել է ՌԴ վարչապետն ու հավելել. «Թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի համար կարեւոր ու կենսական հարցերի վերաբերյալ մենք համաձայնության ենք եկել»:

«Թե ինչով են զբաղվել մեր գործընկերները, գաղափար չունեմ, բայց կարծում եմ, որ երկու նախագահները միշտ էլ խոսելու, ինչ-որ բան քննարկելու թեմա կգտնեն»,- նշել է Պուտինը:

Ապա Պուտինը հավելել. «Հիմա մենք կգնանք ընթրելու: Իմ գործընկերն ինձ հրավիրել է: խոսելու ենք Չեխովի մասին: Ի՞նչ կարելի է խորհուրդ տալ: Երկու նախագահներն ավելի լավ է ընթրեն, եթե իհարկե ընթրելու են, առանց փողկապների: Փողկապներն այժմ արժեք ունեն… Դե դուք հասկանում եք: Մեկ էլ տեսար Յուշչենկոյի հյուրը մի փողկապ էլ կերավ»,- ասել է ՌԴ վարչապետը: Իր հերթին, ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդան», Տիմոշենկոն ծիծաղել է եւ հավելել. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես հաստատ առանց փողկապի էլ կարող եմ ընթրել»:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում պատերազմի ժամանակ 2008թ. օգոստոսին BBC-ն կադրեր հրապարակեց, որտեղ Սահակաշվիլին հեռախոսազրույցի ընթացքում ծամում էր իր փողկապը: