Ռուսական «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրն արդեն կնքված է, եւ հայտնի է թանկացող գազի գինը
11:28 / 20.11.2009

Հայաստանի համար բնական գազի գինը 2010 թ. ապրիլի 1-ից կկազմի 180 դոլար 1000 խմ համար: Նախկինում «Հայռուսգազարդ»-ի և «Գազպրոմ»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն 2010 թ. ապրիլի 1-ից 1000 խմ գազի գինը պետք է կազմեր 200 դոլար: Իհարկե, մեկ ամիս առաջ «Հայռուսգազարդ»-ի ղեկավար Կարեն Կարապետյանն արդեն հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գազի գինը 200-ի փոխարեն 180 դոլար սահմանելու վերաբերյալ, սակայն դա դեռեւս փաստաթղթային տեսք չէր ստացել: Իսկ երեկ արդեն ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրն արդեն կնքված է եւ գազի գինը հաստատված է 100 խմ դիմաց 180 դոլար: Նախարարը վստահեցրել է, որ ռուսական գազի գնի իջեցումը պայմանավորված չէ նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը ռուսներին տալու հետ: Մասնագետները նշում են, որ Ռուսաստանը իջեցրել է գազի գինը այն պատճառով, որովհետեւ այն պայմանավորված է նավթի գներով, իսկ նավթի գինն իջնում է: Մասնավորապես 2010 թվականին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Եվրամիությանը գազ կվաճառի 200-220 դոլարով, նախկին 460-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ այս պահին գազի 100 խմ գինը կազմում է 154 դոլար: Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողներին ասել էր, որ 2010-ի ապրիլի 1-ից կթանկանա ինչպես գազը, այնպես էլ էլեկտրաէներգիան, սակայն չէր կոնկրետացրել, թե որքան կթանկանա: