Բաքուն ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ է պահանջում
12:42 / 20.11.2009

Բաքուն ՆԱՏՕ-ին առաջարկել է երկկողմ պայմանագրեր կնքել հյուսիսատլանտյան դաշինքի ու գործընկեր-երկրների միջեւ, որոնք բացի պատասխանատվությունից եւ երկրների պարտավորություններից, նախատեսելու են նաեւ անվտանգության երաշխիքներ գործընկերների համար: Նախօրեին նման առաջարկով է հանդես եկել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Ազիմովի խոսքերով, եվրաատլանտյան տարածքում անվտանգությունը կախված է կազմակերպության անդամների եւ գործընկերների համատեղ գործունեությունից: Դրա հետ մեկտեղ փոխնախարարը նկատել է, թե հակառակ դեպքում դա հղի է ՆԱՏՕ-ի համար ապագայում անցանկալի հետեւանքներով:

Իր դիրքորոշումն Ազիմովը հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն հայտնած երկրները որոշակի սպառնալիքների են հանդիպում: Որպես օրինակ՝ նա նշել է Վրաստանում անցած տարվա դեպքերը:

Ըստ Ազիմովի, անհանգստություն կա, որ Ադրբեջանի նման երկրների անվտանգությունը գտնվում է հարցականի տակ: «Խոսքը ոչ միայն հակամարտությունների մասին է, այլեւ ընդհանուր՝ ռազմավարական առումով»,- հավելել է նա՝ նկատելով, որ ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխիք չէ երկրների համար: