Հայաստանում 10 ամսվա կտրվածքով տնտեսական անկումը կազմել է 17,5 տոկոս
15:17 / 20.11.2009

Հայաստանի տնտեսական անկումը 10 ամսվա տվյալներով կազմել է 17,5 տոկոս: ՀՆԱ-ն կազմում է 2466298 մլրդ դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հիշեցնենք, որ ամենամեծ անկումը գրանցվել է հունվար-հուլիս ամիսներին` 18,5 տոկոս: Այնուհետեւ հունվար-օգոստոսին այն կազմել է 18,4 տոկոս, հունվար-սեպտեմբերին` 18,3 տոկոս եւ հիմա այն նվազել է հասնելով 17,5 տոկոսի: Հետաքրքիր է որ թեեւ տարեկան կտրվածքով ՀՆԱ անկումը նվազել է, սակայն ամսական կտրվածքով, այսինքն նախորդ տարվա համեմատ գրանցվել է մոտ 5 տոկոսանոց անկում: Համեմատության համար նշենք, որ օգոստոսի համեմատ սեպտեմբերին գրանցվել էր մոտ 5 տոկոսանոց աճ:

Դրանից զատ, շինարարության ոլորտում նվազումը հունվար-հոկտեմբերին 51.6 տոկոս է, արդյունաբերության ոլորտում անկումը կազմում է 11.4 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 1.5 տոկոս, գյուղատնտեսության ոլորտում՝ 0.8 տոկոս: Նշենք, որ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, շինարարության ոլորտում անկումը 19.1 տոկոս է եղել, թեեւ սեպտեմբերին շինարարության ծավալներն աճել էին ավելի քան 25 տոկոսով:

Այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով 31 տոկոսով կրճատվել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը` կազմելով 3 միլիարդ 220 միլիոն դոլար, ընդ որում ներմուծումը գերազանցել է արտահանումը 4.7 անգամ, իսկ առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար:

Նշենք, որ տնտեսական անկման տեմպերի նվազումը շատ տնտեսագետներ բացատրում են ոչ թե տնտեսության մեջ դրական միտումների առկայությամբ, այլ նրանով, որ 2008 թվականի հոկտեմբերին արդեն ճգնաժամի ազդեցությունը զգալի էր, ուստի համեմատությունը այդ ժամանակվա հետ նման ցուցանիշներ է ներկայացնում: