Արա Նռանյան. Տեր-Պետրոսյանը իշխանությանը համագործակցության է հրավիրում ազգային ուժերի դեմ
16:32 / 20.11.2009

Իր վերջին ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին առաջարկում էր միանալ եւ միասնական ճամբարով հանդես գալ Հայաստանի ազգային ուժերի դեմ։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսպիսի միտք է հայտնել ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նռանյանը։

Նրա խոսքով, ՀԱԿ հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը վերջերս խոստովանել էր, որ իշխանությունների եւ կոնգրեսի միջեւ, բացի «քաղբանտարկյալների» հարցից, ոչ մի հակասություն չկա։ «Այս ամենը վկայում է նրա մասին, որ այնպիսի հարցերում, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հիմնախնդիրը, իշխանությունների եւ ՀԱԿ-ի դիրքորոշումերը նույնն են»,- եզրափակել է Նռանյանը։

Նշենք, որ իր վերջին ելույթում Տեր-Պետրոսյանը քննադատել էր ազգային քաղաքական ուժերին՝ նրանց կոչելով «հիստերիկ»։ Նա նաեւ փորձել էր արդարացնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ներքաղաքական, արտաքին քաղաքականության եւ տնտեսական ներկայիս իրավիճակի ողջ մեղքը գցելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա։