Ցեղասպանությունը ժխտող թուրք աշակերտը խոստացել է նշել, որ բոլոր ցեղասպանություններն անարդարություններ են
17:35 / 21.11.2009

Ֆրանսիայի ավագ դպրոցներից մեկի թուրք աշակերտը, ով հրաժարվել էր կատարել առաջադրանքը, կապված Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եւ ասել, որ եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն արժանի էին, համաձայնվել է նշել հանձնարարության մեջ, որ բոլոր ցեղասպանությունները անարդարություններ են: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը:

13 ամյա թուրք աշակերտ Մուսթաֆա Դողանի հայրը հանդիպել է հիշյալ դպրոցի տնօրենի հետ եւ համաձայնվել, որ տղան առաջադրանքի մեջ կնշի, որ բոլոր ցեղասպանությունները անարդարություններ են:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Նանսի քաղաքի ավագ դպրոցներից մեկի թուրք աշակերտ Մուսթաֆա Դողանը պատմության դասի ընթացքում հրաժարվել է կատարել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տրված առաջադրանքը` նշելով, որ եթե նույնիսկ ցեղասպանություն եղել է` ուրեմն հայերը արժանի էին: Պատմության ուսուցիչը բարկացել է եւ երկու օր ժամանակ տվել Մուսթաֆային գրել առաջադրանք. «Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանությունը` մարդկության դեմ հանցանք է» վերնագրով:

Թուրք տղայի ծնողները դրանից հետո դիմել են Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական կազմակերպություններին: COJEP անունով թուրքական հասրակական կազմակերպության ղեկավարը նշել էր, որ Ֆրանսիայում դեռ չի գործում Հայոց Ցեղասպանության ժխտման համար պատժի օրենքը եւ հիշեցրել, որ Մուսթաֆա Դողանը անչափահաս է:

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Թուրքիայի վարչապետից լրագրողները մեկնաբանություն են խնդրել այս դեպքի կապակցությամբ, ինչին Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է, որ ինքը սրա մասին տեղեկացել է մամուլից, հիմա հետաքրքրվում է մանրամասներով եւ դեռ մեկնաբանություն չի կարող տալ:

Թուրք աշակերտի անվայելուչ արտահայտությունը վրդովեցրել է ֆրանսահայ Սփյուռքին: Մասնավորապես Ֆրանսահայերը կոչ են արել շտապ ուժի մեջ դնել Հայոց Ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը: