Հովիկ Աբրահամյան. Հայաստանը մշտապես զգացել է ՌԴ զորակցությունը
21:11 / 23.11.2009

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 23-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովի հետ:

Հայաստանի ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ զրուցակիցները կարեւորել են երկու դաշնակից երկրների խորհրդարանների փոխգործակցությունը, որը համալրում է ՀՀ եւ ՌԴ նախագահների բարձր մակարդակով իրականացվող քաղաքական երկխոսությունը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես զգացել է ՌԴ զորակցությունը, որի համար հայտնել է հայկական կողմի երախտագիտությունը: Այդ համատեսքստում նա կարեւորել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրված արտոնյալ վարկը, որն օժանդակել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներին դիմագրավելուն:
Հանդիպման ընթացքում կողմերը մանրակրկիրտ քննարկել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հարցերը:

Զրուցակիցները նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային համագործակցության խնդիրների, առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի, Արցախի հիմնախնդրի շուրջ:

Հանդիպման ընթացքում նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակա ամիսների ընթացքում ՌԴ Պետդումայի նախագահի Հայաստան այց կատարելու վերաբերյալ: