«Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը Էրդողանին մեղադրել է Թուրքիան մասնատելու մեջ
11:46 / 25.11.2009

Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին կուսակցական համաժողովի ավարտից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Քրդական կուսակցության ավտոշարասյան վրա կատարված հարձակմանը, ինչպես նաեւ Էրդողանի կողմից իր դեմ բացված դատական հայցերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Samanyolu կայքէջը։

Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է Բահչելին վերաբերվում այն հանգամանքին, որ Իզմիրում քարկոծման ենթարկված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները այդ միջադեպի համար մեղադրեցին իրեն, Բահչելին պատասխանել է, որ դա սխալ մոտեցում է, եւ թող նրանք հասկանան թե ում խաղի մեջ են ընկել։ «Ես գիտեմ, թե Դիարբեքիր ինչպես եմ գնալու, երբ ժամանակը գա»,-ասել է Դեւլեթ Բահչելին՝ ավելացնելով, որ Իզմիրում տեղի ունեցածը նախօրոք կազմակերպված է եղել, իսկ իրենք ձվեր նետելու ժամանակ հաստատ չունեն։

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից իր դեմ պարբերաբար բացվող դատական հայցերին, նա պատասխանել է. «Պարոն վարչապետը պարբերաբար մեր դեմ դատական հայցեր է ներկայացնում։ Դա անելու փոխարեն՝ թող հիմիկվանից խորհրդարանից իմ ստանալիք աշխատավարձը վերցնի, իրեն հալալ լինի»:

NEWS.am-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 22-ին Իզմիր քաղաքում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության նախագահ Ահմեդ Թուրքին ուղեկցող ավտոշարասյունը ենթարկվել էր քարկոծման։ Քրդական կուսակցության դեմ բողոքողները պարզել էին պաստառ, որի վրա գրված է եղել. «Նահատակները չեն մահանում, հայրենիքը չի բաժանվում»: Քրդական կուսակցության անդամները այդ ավազակային քայլի ետեւում կանգնածների շարքում հավանական են համարել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար՝ Դեւլեթ Բահչելիին։

Նշենք, որ Դեւլեթ Բահչելին բազմիցս մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա քրդական հարցը կարգավորելով՝ մասնատում է Թուրքիան։ Իր հերթին վարչապետ Էրդողանը Բահչելիի քննադատությունները համարել է չափից դուրս եւ վիրավորական եւ դատական հայցեր է ներկայացրել նրա դեմ։ Իսկ վերջերս, երբ լրագրողները Էրդողանին հիշեցրին, որ Բահչելին իրեն անվանել է երկիրը մասնատող՝ Էրդողանը խորհուրդ տվեց իրեն այդպես անվանողներին առավոտյան արթնանալուց հետո նայել հայելու մեջ եւ տեսնել երկրի իրական մասնատողներին։

Դեւլեթ Բահչելին հայտնի է նաեւ իր հակահայ կեցվածքով։ Մասնավորապես, քննադատելով ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները՝ նա հարցրել է Էրդողանին, թե ստեղծվելիք պատմական հանձնաժողովը որոշելու է թե Արարատ լեռը ո՞ւմն է, թե արեւելյան Թուրքիան՝ Արեւմտյան Հայաստա՞նն է թե` ո՞չ: