Ալիեւ-Աբիեւի սպառնալիքները «հոգնեցրել են» Ստեփանակերտին եւ Երեւանին
19:56 / 25.11.2009

Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, այս առաքելությունն իր վրա վերցրեց, եւ զինվորական բռիությամբ իրականացնում է հարեւան հանրապետության պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը։ Նոյեմբերի 25-ին Բաքու ժամանած Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում արդեն 15 տարի ընթացող բանակցությունները անարդյունք են մնում։ Այսպիսի իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան դիմել խնդրի լուծման ռազմական տարբերակին»։

Այսպիսով, ըստ Աբիեւի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մյունխենում կայացած հանդիպումն անցել է առանց «դրական տեղաշարժերի», մինչդեռ նախորդ օրը «դրական տեղաշարժի» մասին էր հայտարարել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Փոլուխովը։ Ըստ Աբիեւի խոսքերի՝ փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարզապես ստել են՝ խոսելով բանակցային գործընթացում դրական տեղաշարժի մասին։ «Ադրբեջանն այլ տարբերակ չունի, բացի հարցը ռազմական տարբերակով լուծելուց»,- ասել է Աբիեւը, ըստ երեւույթին, արդեն Ալիեւից պատերազմական գործողությունները սկսելու հրաման ստացած լինելով. Չէ՞ որ, այլ տարբերակ նրանց չի մնացել։

Հատկանշական է նաեւ այն հանգստությունը, որով ընդունեցին այս հայտարությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշպանության նախարարությունների մամուլի ծառայությունները։ Հավանաբար նրանք վստահ են հայկական ամենազոր զենքին։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը NEWS.am-ի թղթակցին խորհուրդ տվեց ի պատասխան Բաքվի՝ օգտագործել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «երեկվա ելույթը»։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարն էլ, թղթակցին խորհուրդ է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարության պատասխանի կապակցությամբ զանգահարել ԼՂՀ արտգործնախարարություն։ ԼՂՀ արտգործնախարարության մամուլի խոսնակն էլ, թղթակցին հայտնել է, որ Աբիեւի հայտարարությանն ինքը կծանոթանա վաղը, այնուհետեւ պատասխան հայտարարությամբ հանդես կգա։