Թուրք մտավորականներն այցելել են Հայաստանի խորհրդարան
16:30 / 26.11.2009

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ է այցելել Թուրքիայից ժամանած մտավորականների եւ կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը: Պատվիրակությունը Հայաստանում է «Եվրաինտեգրումը եւ գենդերային հարցերը» ծրագրի շրջանակներում, եւ թուրքերը ցանկություն էին հայտնել հանդիպել Հայաստանի ԱԺ կին պատգամավորների հետ:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի խորհրդարանի կին պատգամավորները հանդիպմանը հույս են հայտնել, որ սկսված հայ-թուրքական երկխոսության արդյունավետությանը իրենց նրբանկատությամբ ու մեղմությամբ կնպաստեն նաեւ կանայք:

Բոսֆորի համալսարանի գիտաշխատող Դեմիր Ռահիմե Բուլութը տեղեկացրել է, որ ուսումնասիրում է 1900թ-ի սկզբին հայատառ թուրքերենով գրող հայ գործիչների աշխատությունները: Այդ ուսումնասիրության ճանապարհին ինքը բազմաթիվ հետաքրքիր փաստերի է հանդիպել Թուրքիայում հայերի ակտիվ գործունեության եւ մեծ դերակատարության վերաբերյալ: Ի պատասխան ասվածի, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես ուրախ եմ, որ դուք զբաղվում եք պատմության ուսումնասիրմամբ, վստահ եմ որ կլինեք անաչառ՝ դրանով օգնելով Թուրքիային՝ ընդունելու պատմական ճշմարտությունը, որովհետեւ ցանկացած պետություն հզոր է դառնում նաեւ իր անցյալն ընդունելով»:

Պատվիրակության ղեկավար, Ֆաթի համալսարանի դոցենտ Քաֆեր Ուլուն Հայաստանի ԱԺ գրադարանին է նվիրել «Հայերը Թուրքիայում» ծավալուն աշխատությունը:

Թուրք մտավորականներին ընդունել են նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, որոնք հայտարարել են, թե որքան մեծ լինի երկու հասարակությունների շփումը, այնքան կամրապնդվի վստահությունը, եւ որքան պատմությունն ազնիվ ներկայացվի, այնքան կշահեն երկու ժողովուրդները: