Բենիտա Ֆերրերո-Վալդներ. Եվրամիությունը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ շարունակել ղարաբաղյան խնդրի լուծման փնտրտուքը
19:18 / 26.11.2009

Եվրամիությունը ողջունում է առաջընթացը, որ ձեռք է բերվել այս տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ շարունակել ղարաբաղյան խնդրի լուծման փնտրտուքը, որ վերջ կդնի հակամարտությանը: Այդ մասին նոյեմբերի 26-ին Trend News-ին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին քաղաքականության եւ բարիդրացիության քաղաքականության եվրակոմիսար Բենիտա Ֆերրերո-Վալդները՝ իր լիազորությունների ավարտման նախաշեմին:

«ԵՄ-ն միշտ էլ առաջարկել է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, եւ մենք հույս ունենք, որ մեր ջանքերը կընդունվեն երկու կողմերում էլ»,- հայտարարել է Ֆերրերո-Վալդները՝ միեւնույն ժամանակ նկատելով, թե դեռ վաղ է խոսել՝ կկարողանա՞ արդյոք ԵՄ-ն զգալի դեր խաղալ տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում: Նա նշել է, որ այդ հակամարտությունը, ցավոք, բազում կյանքեր է խլել եւ ահռելի թվով անմեղ մարդկանց տանջանքներ բերել: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ընդունելի կլինի միայն այն որոշումը, որին համաձայն կլինեն կողմերը:

Պատասխանելով ղարաբաղյան գործընթացի եւ հայ-թուրքական կարգավորման շաղկապված լինելու մասին հարցին, եվրակոմիսարը հույս է հայտնել, թե երկու երկրների մերձեցումը "բարենպաստ կազդի տարածաշրջանում եւ ընդհանրապես քաղաքական իրադարձությունների զարգացման վրա: