«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնում արձանագրվել է 15 875 043 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում
11:31 / 27.11.2009

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ամենամյա հեռուստամարաթոնի ավարտից հետո հայտարարել է, որ 15 875 043 (տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում է եղել: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հիմնադրամը հայտարարել էր 35 մլն. 9 հազար 156 ԱՄՆ դոլարի կատարված և խոստացված նվիրատվությունների մասին։

Հիմնադրամի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ այս տարվա հեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է և զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Խոսքը այս դեպքում վերաբերում է ոչ թե գումարին, որը անհամեմատ փոքր է, այլ մասնակիցների թվին:

Շատերը քիչ գումար հավաքվելու փաստը կապում են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Սփյուռքի հիասթափության հետ: Մյուս մասը կարծում է, որ ոչ թե այս տարի քիչ գումար է հավաքվել, այլ ուղղակի անցած տարի մարտի 1-ից հետո ՀՀ իշխանությունները խնդիր ունեին ցույց տալ, որ իրենք վայելում են հայ ժողովրդի վստահությունը եւ ստիպված պարտադրել էին շատ հայ գործարարների՝ նվիրատվությունների խոստումներ տալ, որոնց մի մասն այդպես էլ չիրականացավ: