ՀԴԿ. Բաքուն Երեւանին սկուտեղի վրա մատուցեց Ղարաբաղի բանակցություններից հրաժարվելու հնարավորությունը
14:46 / 27.11.2009

Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն ղարաբաղյան հակամարտության՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող բանակցային գործընթացից, առավել եւս, որ Բաքուն Երեւանին սկուտեղի վրա մատուցեց Ղարաբաղի բանակցություններից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, Մադրիդյան սկզբունքները ներառում են ոչ միայն կարգավիճակի հարցը, այլեւ հողերի հանձնման պահանջ, հետեւաբար երբ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե բանակցություններն ընթանում են միայն կարգավիճակի շուրջ, նշանակում է, որ մնացած հարցերում պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել: Դա իր հերթին նշանակում է, որ հայկական կողմը համաձայն է այդ քաղաքականության հետ, այլապես, վկայակոչելով Բաքվի սպառնալիքները, կդադարեցներ բանակցությունները:

«Երեւանն իրեն այնպես է պահում, կարծես իսկապես ագրեսոր է: Միթե հնարավոր չէ հայտարարել, որ, այո, այդ հողերը նվաճվել է Ադրբեջանի պարտադրած պատերազմում, եւ մենք չենք վերադարձնում այդ հողերը ոչ միայն այն պատճառով, որ անվտանգության գոտի են հանդիսանում, այլեւ՝ որ կան մոտ 500 հազար հայ փախստականներ, որոնց ադրբեջանական կողմը պարտավոր է փոխհատուցում վճարել»,- նկատեց նա:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պետք է հրաժարվի մադրիդյան փաստաթղթից, ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախության փաստը, ապա հստակեցնի նրա կարգավիճակը՝ կամ ԼՂՀ-ն անկախ ճանաչել, կամ՝ կցել Հայաստանին: