Սերժ Սարգսյան. Եթե մեզ պարտք են տալիս, վարկեր են տալիս, նշանակում է, որ մենք ունենք այդ վստահության պաշարը"
15:29 / 28.11.2009

«Վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները և տնտեսության կայունացման հստակ նկատվող միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները: Դա նաև հնարավորություն է ընձեռում վերանայել 2010 թվականի բյուջեի նախագծի մի շարք ցուցանիշներ` նախատեսելով հաջորդ տարվա պետական բյուջեի ծավալների ավելացում՝ թե՛ եկամտային, եւ թե՛ ծախսային մասով»,- այսօր ՀՀԿ համագումարում ունեցած իր ելույթում ասել է երկրի ու ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Արդեն այսօր վստահ կարելի է պնդել, որ 2010 թվականին բյուջեն իր ծախսերով կգերազանցի 2009 թվականին սպասվող փաստացի ծավալները:

Ավելին, 2010 թվականի բյուջեն կգերազանցի անգամ 2009 թվականի համար ընդունվածը: Մենք ԵՄ-ից արտոնյալ միջոցներ ներգրավելու հնարավորություն ենք ստացել, ինչը թույլ կտա հետագայում մոտ 60 միլիարդ դրամով ևս ավելացնել 2010թ. բյուջետային ծախսերը: Արդյունքում գալիք տարվա պետական բյուջեն իր ծախսային մասով ընդհուպ կմոտենա 1 տրիլիոն դրամի սահմանագծին: Այստեղ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանն ունի մեծ պետական պարտք, նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր լավ չեն կարողանում կողմնորոշվել տնտեսական քաղաքականության մեջ և նպատակ ունեն սարսափեցնելու մեր ժողովրդին:

»Պարտք" հասկացությունը գոյություն ունի հենց այսպիսի վիճակների համար: Եթե մենք շատ փող ունենայինք, պարտք չէինք վերցնի: Բացի այդ, պարտք տալիս են նրան, ով ունի պարտքը մարելու վստահության պաշար:

Իսկ երբ մեր պետության նկատմամբ բարեգործություն են կատարում, մեզ տալիս են դրամաշնորհ և ոչ թե` վարկ: Ուստի, եթե մեզ պարտք են տալիս, վարկեր են տալիս, նշանակում է, որ մենք ունենք այդ վստահության պաշարը: Կգան լավ ժամանակներ, կաճի մեր պետական բյուջեն, մեր համախառն ներքին արդյունքը, նորից կգանք այն վիճակին, ինչ վիճակի որ եղել ենք:

Հստակ է, որ հնարավորություն կունենանք ԱԺ ներկայացված նախագծում էականորեն ավելացնել ծախսերն այնպիսի կարևորագույն ուղղություններով, ինչպիսիք են տնտեսության զարգացումն ու արտահանման խթանումը, գյուղատնտեսության ենթակառուցվածքների զարգացումը, կրթության և պաշտպանության ոլորտները, ԼՂՀ-ին աջակցությունը և այլն:

Շարունակվելու են երկրի միջազգային մրցունակության ապահովմանն ուղղված ակտիվ քայլերը, մասնավորապես՝ հարկային և մաքսային բարեփոխումները, բոլորի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, տարածքային համաչափ զարգացմանը, կենսաթոշակային բարեփոխումներին և երկրի ընդհանուր արդիականացումն ապահովելուն ուղղված ջանքերը:

Եվ սա ոչ միայն իմ` որպես ՀՀ նախագահի, մեր` Հանրապետական կուսակցության և կոալիցիոն գործընկերների գործն է, այլ մեր ողջ հասարակության և մեր ողջ ժողովրդի առջև կանգնած ամենալուրջ մարտահրավերներից է: Անկախ քաղաքական ու տնտեսական վայրիվերումներից, անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակից՝ մենք չպետք է մոռանանք, որ պարտավոր ենք հնարավորն ու անհնարինն անել, որպեսզի հաջորդ սերունդներին թողնենք շատ ավելի զարգացած, հարուստ ու կայացած երկիր, քան ստացել է մեր սերունդը":