Հայաստանի մշակույթի նախարարն այցելել է Իտալիա
16:56 / 30.11.2009

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նոյեմբերի 24-27-ը այցելել է Իտալիա` մասնակցելու Մշակութային սեփականության պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի (ICCROM) գլխավոր վեհաժողովին:

Հասմիկ Պողոսյանը նաեւ հանդիպումներ է ունեցել կենտրոնի գլխավոր տնօրեն Մունիր Բուշենակիի եւ Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի հետ:

Մունիր Բուշենակիի հետ նախարարը քննարկել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման, համատեղ գիտաժողովների կազմակերպման հետ կապված հարցեր: Մշակույթի նախարարը Բուշենակիին հրավիրել է այցելել Հայաստան` կենտրոնի հետ համագործակցության ուղիները հստակեցնելու եւ նոր ծրագրեր մշակելու նպատակով:

Ս.թ. նոյեմբերի 25-ին Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական մշակութային համագործակցության ընդլայնմանը, Իտալիայում եւ Հայաստանում մշակութային միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: