Հայաստանի փոխարտգործնախարարը ելույթ է ունեցել եվրոպական համաժողովում
17:32 / 30.11.2009

«Եվրոպական քաղաքականության կենտրոնը» նոյեմբերի 27–ին Բրյուսելում կազմակերպել է «Կայունությունը եւ անվտանգությունը ԵՄ արեւելյան հարեւանությունում» խորագրով համաժողով: Որպես բանախոսներ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւը, Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն: Ելույթներ են ունեցել նաեւ ԵՄ խորհրդի, ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության եւ Բրյուսելի ազատ համալսարանի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի եվրոպական քաղաքականությանը՝ կանգ առնելով «Արեւելյան գործընկերության» ընձեռած հնարավորությունների վրա: Նա ողջունել է ԵՄ խորհրդում Հայաստանի հետ ասոցիացման պայմանագրի շուրջ բանակցությունների մանդատի քննարկման մեկնարկը։ Ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստակամ է սկսել բանակցությունները նաեւ ազատ առեւտրի եւ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման համաձայնագրերի շուրջ:

Արման Կիրակոսյանը ներկայացրել է նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: