ՀԱԿ. Սերժ Սարգսյանը անհարկի զիջումների է գնալու Ղարաբաղի հարցում
18:24 / 30.11.2009

«Սերժ Սարգսյանի հարձակումները Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ վկայում են, որ առաջիկայում նա պատրաստվում է անհարկի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին արած մեղադրանքներին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր, թե իրեն մեղադրում են այն մարդիկ, ովքեր ցանկանում էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնել", իսկ Էդուարդ Շարմազանովը, նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնելով իր ղեկավարի ելույթը, նշել էր, թե Սերժ Սարգսյանի խոսքերը վերաբերում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Ղարաբաղը իրականում հանձնողները կերեւան առաջիկայում, իսկ ցեղասպանությունն ուրացողներն արդեն իսկ հայտնի են: Դրանք այն մարդիկ են, որ այժմ էլ փորձում են ուրանալ 90-ականների փառավոր հաղթանակները:
Որեւէ փաստաթուղթ, որ հարցականի տակ կդներ Ղարաբաղի շահերը, 90-ականներին չի եղել, ինչը չի կարելի ասել վերջին ժամանակաշրջանի մասին»,- նկատեց Կարապետյանն ու մանրամասնեց. «Դրա վկայությունն է ՄԱԿ ԳԱ բանաձեւը՝ ընդունված 2008թ. մարտի 13-ին, ԵԽԽՎ բանաձեւը 2008թ. հունիսին, որտեղ ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս բոլոր փաստաթղթերն ընդունվել են Սերժ Սարգսյանի օրոք: Վերջինս, ի դեպ, Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել է նրա թիմի հավատավոր անդամ եւ որեւէ դժգոհություն չի ցուցաբերել վարվող քաղաքականության առթիվ»: