Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Կորեա
18:28 / 30.11.2009

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի հրավերով դեկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն:

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Արմեն Աբրահամյանը, Արա Նռանյանը: Կորեայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի, ԿՀ վարչապետ Չունգ Ուն Չանի, Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: ԿՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԿՀ ԱԺ նախագահ Կիմ Հյունգ-Օն կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: Սեուլում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա «GS Holdings»-ի նախագահ Հո Չան Սուի եւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Պակ Ջի Վոնի հետ, կայցելի «SAMSUNG ELECTRONICS»-ի տաղավար: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ջեջու, որտեղ հանդիպումներ կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: