ՀՅԴ Արցախի կազմակերպության 16-րդ Շրջանային ժողովը հայտարարություն է տարածել
16:39 / 23.11.2009

ՀՅԴ Արցախի կազմակերպության 16-րդ Շրջանային ժողովը, քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը և հեռանկարները, արձանագրում է.

«Հայ-թուրքական հարաբերություննների ներկա զարգացումները հակասում են Հայաստանի, ԼՂՀ-ի և աշխարհասփյուռ հայության շահերին: Ստորագրված արձանագրություններում պարունակող ստորացուցիչ և վտանգավոր նախապայմանները, ինչպես նաև Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է: Ակնհայտ է նաև, որ փորձ է կատարվում պառակտել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական ճակատը:

Մյուս կողմից, այսպես կոչված մադրիդյան սկզբունքների շուրջ նկատվող աշխուժացումը վկայում է Արցախի հիմնախնդրում հայկական կողմի վրա ուժգնացող ճնշումների մասին: Սակայն, ոչ մի պարտադրանք, կամ ռազմատենչ սպառնալիք չեն կարող ստիպել հայությանը հետ կանգնել ազգային շահերից:

Մենք շեշտում ենք, որ Հայ Դատի պայքարը՝ իր ողջ բովանդակությամբ, ոչ թե հայ ժողովրդի առանձին հատվածների պայքար է, այլ պայքար է՝ անկախ պետականության ճակատագրի ու ողջ հայ ժողովրդի լինելիության համար: Համայն հայության ջանքերով արցախյան ճակատում ձեռք բերված արժանապատիվ հաղթանակը սակարկության առարկա չէ:

ՀՅԴ Արցախի կառույցը այսուհետ ևս վճռականորեն կպայքարի համայն հայության իրավունքների համար»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am