News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) հերթական աշխատաժողովը կայանալու է Ստամբուլում ապրիլի 12-14-ին` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՀԹԿՊ 2012 ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի եւ «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կինոյի ոլորտում: Այդ ծրագրի շրջանակներում մի քանի համատեղ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացվել են լայն հասարակությանը Հայաստանում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այլուր: Հարկ է նշել, որ եւս 4 ֆիլմ ընթացքի մեջ են, ինչը ՀԹԿՊ-ի մեծ հաջողության վկայությունն է:

Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ընդգրկված կլինի Ստամբուլի կինոփառատոնի Meetings on the Bridge ֆորումում:

Աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են փետրվարի կեսից: Հայտերի ընդունման հայտարարությունը տարածվել էր ցանցով: Մինչեւ ապրիլի սկիզբը ավելի քան 35 կարճամետրաժ, վավերագրական եւ լիամետրաժ խաղարկային ժանրերի հայտ է ընդունվել: Այդուհետ հայ եւ թուրք կինոմասնագետներից բաղկացած նախընտրական հանձնաժողովը ընտրեց 10 կինոնախագիծ – յուրաքանչյուր երկրից 5-ը:

Ընտրված նախագծերը հետեւյալն են`

1. Երկխոսություն, ռեժ. Արսեն Առաքելյան,

2. Իմ եւ քո Կիրակին, ռեժ.Գագիկ Ղազարէ,

3. Գրանցման նավահանգիստ, ռեժ.Հելեն Քուրքճյան,

4. Երեւակայական կարոտ, ռեժ.Նիկա Շեկ,

5. Բացիկներ «Անմեղության թանգարանից», ռեժ.Վարդան Դանիելյան,

6. Փոքր սեւ ձկներ, ռեժ.Ազրա Դենիզ Օկիայ,

7. Գյավուրի թոռները… Իմ ազգությամբ հայ պապիկը, ռեժ.Դեվրիմ Ակկայա,

8. Փնտրում եմ Մանուկին, ռեժ.Դիլեկ Այդին,

9. 23 ու կես, ռեժ. Էզգի Կիլինջասլան,

10. Մանուկի ուղեւորությունը, ռեժ. Օզլեմ Սարիյիլդիզ:

Հայ մասնակիցները հրավիրվել են Ստամբուլ ներկայացնելու իրենց նախագծերը պրոդյուսերներին եւ ժյուրիին: Հաղթող նախագծի հեղինակը կստանա 10.000 ԱՄՆ դոլար Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից:

Ի դեպ այս տարի ժյուրիի անդամներից են նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը եւ թուրք հայտնի ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ