News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ անց են կացվել քննարկումներ «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով:

Հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով նշել է, որ հայ ազգը, վերապրելով 1915թ. ցեղասպանությունը որպես ռասիզմի ծայրահեղ դրսեւորում, ունի բարոյական պարտավորություն աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Նա իր ելույթում անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված ոճրագործությանն ու դրա հետեւանքներին, նշելով որ Հայաստանն ողջունում է կառավարությունների, խորհրդարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ցեղասպանագետների, ինչպես նաեւ թուրք մտավորականների ու պարզապես քաղաքացիների ջանքերը, ովքեր սատարում են Հայաստանին այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում:

Քննարկումների ընթացքում ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի «Գետը կարմրեց» վավերագրական ֆիլմը, որից հետո մեկնաբանություններով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դենիս Փափազյանը, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆ. Էրվին Շտուբը, Հայկական ֆիլմերի հիմնադրամի տնօրեն, ռեժիսյոր Կարլա Գարաբեդյանը: Հանդիպման կազմակերպման հարցում իրենց աջակցությունը եւ մասնակցությունն էին բերել ամերիկահայ կառույցները ու հասարակական կազմակերպությունները:

Ապրիլի 3-ից Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում ներկայացվում են հայաստանաբնակ եւ սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերը: Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-րդ տարելիցին, ղեկավարում է ամերիկահայ արվեստագետ Շողակ Հովհաննիսյանը եւ կրում է «Ճեղքված պատմություն եւ վերականգնված ինքնություն» խորագիրը:

Ցուցահանդեսի բացմանը, ի թիվս երեք հարյուր մասնակիցների, այդ թվում համալսարանի ուսանողների, ներկա է եղել ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ով, կարեւորելով այդ մշակութային նախաձեռնումը, նշել է, որ կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել լայն կրթական ու տեղեկատվական համացանց` ահազանգելու ու պայքարելու համար ցեղասպանության ոճրագործության վտանգի ու դրա լռակյաց շարունակության դեմ, որպեսին է մերժողականությունը: Դեսպանը նաեւ նշել է, որ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ եւ մերժողականության դեմ տարվող աշխատանքը  հասարակական ու կրթական կառույցների,  արվեստագետների ու բոլորի հավաքական ու անհատական պատասխանատվությունն է: Ապրիլի 23-ին` ցուցահանդեսի փակման օրը, դասախոսությամբ հանդես կգա ամերիկահայ հայտնի գրող-արձակագիր Պիթեր Բալաքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ