News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը այսօր` ապրիլի 14-ին իր քարոզարշավն իրականացնում է Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում: Կոնգրեսի ակտիվը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, եղել է Բերդ եւ Իջեւան քաղաքներում, նախատեսված են նաեւ հանդիպումներ Դիլիջանում եւ Սեւանում:

Իջեւանում կայացած հանրահավաքին նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նշել է, թե «ցավոք կոնգրեսին չի հաջողվել արտահերթ նախագահական ընտրությունների խնդիրը լուծել»:

«Ուստի այսօր պարտադրաբար հայտնվել ենք ԱԺ ընտրությունների առաջ»,- նշել է նա եւ հավելել. «Մենք այսօր մտել ենք մի ընտրապայքար, որը աշնանը շարունակվելու է որպես նախագահական ընտրությունների առաջին փուլ»:

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էլ հայրենի Իջեւանում նշել է, թե քաղաքում մոտ 200 խանութ կա, եւ այդ խանութների տերերը ստիպված են լինելու ՀՀԿ պաստառներ կախել, նույնիսկ եթե դեմ են այդ կուսակցություններին: Ըստ Փաշինյանի, իրենք գալիս են, որ մարդիկ կարողանան ազատ արտահայտել իրենց կամքը:

Հրանտ Բագրատյանը ներկայացրել է երկրի տնտեսական վերլուծությունը` նշելով, որ որեւէ տնտեսական հաջողություն Սերժ Սարգսյանի օրոք չի եղել: «Մտաբերեք` հինգ տարի առաջ էիք լավ ապրում, թե հիմա: Կա այդպիսի մեկը, չկա: Հինգ տարի հետո էլ չի լինելու: Ժողովուրդ չհավատաք, որ փոխեն: Կփոխեն, ավելի վատ կլինի ձեր համար»,- ասել է Բագրատյանը եւ հավելել. «Սերժ Սարգսյանը իր թիմով օտար է այս երկրի համար, իրեն պետք է որ դուք այնքան աղքատ լինեք, որ խնդրեք 10 հազար դրամ կաշառքը»:

Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ մի հոգու գիտի, ով հիմա ավելի լավ է ապրում, քան հինգ տարի առաջ. «Դհոլը»:

«Քվեարկեք ձեր խղճի մտոք, ուրիշ ոչինչ»,- իր խոսքում նշել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս խոսքով, «Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ձայն չունեն, եթե ձայն ունենային, գյուղապետերին չէին պարտադրի անդամագրվել, զենքով չէին պահի իշխանությունը»: «Այս ընտրությունները հայ ժողովրդի փրկության վերջին շանսն են»,- ասել է նա:

ՀԱԿ առաջնորդն իր խոսքում կոչ է արել ընտրել թիվ 41 ընտրատարածքում առաջադրված թեկնածուին` Սպարտակ Հարությունյանին:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ