News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 16-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մեծագույն արվեստագետ, մանրաքանդակի անզուգական վարպետ  Էդուարդ Ղազարյանը:

Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները Էդուարդ Ղազարյանը ցուցադրել է Երեւանում ավելի քան կես դար առաջ` 1947թ: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ եւ անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող էր դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն  կենսագրություն:

Ստեղծագործական բազմաթիվ տարիների ընթացքում Էդուարդ Ղազարյանը ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ: Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից եւ ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան 30 տարի:

Էդուարդ Ղազարյանը տաղանդավոր երաժիշտ է եւ ջութակի վարպետ-նորարար: Նրա շնորհիվ նորից կյանքի է կոչվել Յ. Ս. Բախի վիոլա-պոմպոզան, որը լռել էր շուրջ 270 տարի: Նա հիմնադրել է հնագույն երաժշտական գործիքների քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն` մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք:

Միայն 1983 թ. ընթացքում Էդուարդ Ղազարյանի անունը 9 անգամ հիշատակվել է ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում (Գինեսի  ռեկորդների գրքի ռուսական տարբերակը):

Լոս-Անջելեսում կայացած` Վարպետի «Հրաշքների աշխարհ» ցուցահանդեսը ամերիկացի այցելուներն  անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»:

Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին: Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա Վարպետը կատարում է հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Էդուարդ Ղազարյանը ծնվել է 1923 թ. հունիսի 20-ին Երեւանում, ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն, երկար տարիներ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը եւ սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից:

2006 թ. Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը եւ պարգեւատրել «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով: Վարպետը պարգեւատրվել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւով` ոսկե մեդալով:

2010 թ. մայիսին Գարեգին Բ կաթողիկոսը Է. Ղազարյանին պարգեւատրել է «Սրբ Սահակ եւ Սրբ Մեսրոպ» մեդալով: 

 Մեծանուն արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ