News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը հաստատելուց հետո սկսվել է օրակարգային հարցերի քննարկումը: Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին եւ հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ եւ այդ համատեքստում վերացնել օրենսդրությունում առկա բացերը:

Այնուհետեւ քննարկվել են պետական գնումների եւ մրցույթների ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է ստեղծել միասնական կայք, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մրցույթները, դրանց մասնակիցների ցանկը եւ արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաեւ բուհերում ուսումնական գործընթացները նորագույն ծրագրային միջոցներով զինելու հարցին: Առաջարկվել է լոկալ Վիքի համակարգի միջոցով մշակել ինտերնետային ուսումնական հանրագիտարան, որը հնարավոր կլինի կիրառել բուհերի ուսումնական գործընթացում: Արդեն իսկ մշակվել է դպրոցական փորձնական հանրագիտարան՝ ներկայացված երկաչափություն առարկայի սահմաններում: Հանձնարարվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ քննարկել առաջարկությունը եւ տալ եզրակացություն:

Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համակարգչային հայատառ ստեղնաշարերի ստեղծման հարցը: Տեղեկացվել է, որ ներկայում համակարգիչներ եւ համակարգչային սարքավորումներ արտադրող առաջատար որոշ ընկերություններ հանդես են գալիս համակարգչային հայատառ ստեղնաշար արտադրելու նախաձեռնությամբ: Հաշվի առնելով այն, որ համակարգչային հայատառ ստեղնաշարն ունենալու է երկլեզու՝ հայերեն եւ անգլերեն ստեղներ, որոնք օգտագործվում են զուգահեռաբար, ուստի արտադրողների հետ հետագա բանակցությունների համար անհրաժեշտ է ընտրել տառերի դասավորության Armenian Typewriter կամ Armenian Phonetic տարբերակներից մեկը: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին հարցի շուրջ ձեւավորել միասնական մոտեցում՝ արտադրողների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու համար:

Ներկայացվել է նաեւ 2012 թ. նախատեսվող ՏՀՏ միջոցառումների ցանկը: Նշվել է, որ դրանց թվում առկա են համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառումների ծրագրեր, որոնց կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ