News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի 2011-2012 թվականների Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն  ժամանակակից աշխարհի կարեւորագույն հատկանիշներից մեկը: «Ազգային մրցունակության բարձրացման առումով կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից  անցնել միկրո միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ տեսակետից արդյունաբերական ճյուղային քաղաքականությունը, որը միտված է արտահաննման ծավալների ավելացմանը, դրա վառ օրինակներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:  

Նրա խոսքով՝ նախկինում պետությունների եւ կառավարությունների պարտականությունն այն էր, որ նրանք պետք է ստեղծեին բիզնեսի համար բարենպաստ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ եւ այդ շուկայական կանոնների դեպքում մրցակցությունը կբացահայտեր, թե որոնք են առաջնահերթ ճյուղերը, ինչպես նաեւ մրցակցության մեջ կայացած, ուժեղ եւ թույլ ձեռնարկությունները: «Այսօր շեշտադրումները փոխվել են եւ կառավարությունները իրավունք չունեն բավարարվել միայն միջավայրի վրա շեշտադրումներ կատարելով, նրանք պարտավոր են նաեւ միկրո մակարդակում աջակցություն ցուցաբերել բիզնեսի ներկայացուցիչներին, այսինքն` կառավարությունները պետք է լինեն պրոակտիվ նաեւ այդ միկրո մակարդակում», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` տնտեսության կարգավորումը  պետություն-մասնավոր համագործակցության մեջ է, ինչի համար պետությունը պարտավոր է ստեղծել նոր հարթակ, որտեղ փոխադարձ պարտավորությունները պետք է լինեն երկուստեք հստակ: «Այդպիսի պայմանավորվածությունները պայմանագրերի տեսքով պարտավորեցնում են մասնավոր հատվածին իրականացնել ներդրումներ: Սա նոր երեւույթ եւ շեշտադրում է մեր տնտեսական քաղաքականության մեջ»,- նշել է վարչապետը:

Ազգային մրցունակության զեկույցը, վարչապետի կարծիքով՝ հնարավորություն է տալիս համեմատության մեջ` տարածաշրջանային կամ համաշխարհային կտրվածքով, տեսնել ՀՀ-ի ընդհանուր  պատկերը, բացահայտել մեր երկրի մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաեւ ճշգրիտ  գնահատել այն միտումները, որոնք կարող են էապես ավելացնել մեր երկրի մրցունակությունը:

Համաձայն զեկույցի՝ Հայաստանի մրցունակության կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005 թվականից ի վեր, 2011-ին վերափոխվել է դրականի՝ արտացոլելով կառուցվածքային փոփոխությունները: 2011-ին Հայաստանն զգալիորեն բարելավել է իր մրցունակության դիրքը 2010-ի Մրցունակության համաշխարհային զեկույցի ուսումնասիրության համեմատ:  Նախորդ տարի մրցունակության կատարողականով Հայաստանն զբաղերցրել է 92-րդ տեղը 142 երկրների մեջ՝ 2010-ի արդյունքների համեմատ իր դիրքի 6 միավորով բարելավման եւ ընդհանուր գնահատականի 4 տոկոսանոց աճի արդյունքում:

Ըստ զեկույցի՝ 2008-ից դիտվող անկման միտումների համատեքստում 2011-ին գրանցվել է 4,6 տոկոս խոստումնալից աճի տեմպ, ինչի արդյունքում ստեղծվել են հետագա տնտեսական աճի ապահովման լավ հիմքեր: 2011-ն առաջին տարին էր, երբ մրցունակության եւ տնտեսության կատարողականի ցուցանիշները Հայաստանում փոխվել են նույն ուղղությամբ, ինչը կարող է մատնանշել անցում տնտեսական իրականության առավել հավասարակշռված վիճակի: Զեկույցն արձանագրել է, որ համեմատ այլ երկրների՝ Հայաստաննը համարվում է ամենացածր պարտք ունեցող երկրներից մեկը, որի արտաքին պարտքի սպասարկման գործընթացը գտնվում է կառավարելիության մակարդակում:

Զեկույցում նշվում է նաեւ, որ  2010-2011 թթ.-ին անցում է կատարվել առավել  նախաձեռնողական, համագործակցող քաղաքականության: Այս ընթացքում մեր երկիրը գրանցել է նաեւ ներդրումների տպավորիչ աճ. Հայաստանի ՀՆԱ-ում համախառն կապիտալի կուտակման մասնաբաժնի ցուցանիշով մեր երկիրը գտնվում է առաջատար երկրների շարքում:  

Զեկույցը պատրաստել եւ հրատարակել են «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական  կենտրոնը եւ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ